Հայացքներում իմ ցանկություններ են ձմեռում վաղուց
գունաթափությամբ երազանքներիս...
Եվ իր սպիտակ ավարտն է գտել քո գոյությունը …
Իսկ ես չեմ կարող ապրել այն աշխարհում,
որտեղ դու ես ապրում և քո բազմաթիվ աղջիկները`
գունավոր ու բոլոր երկինքների նման միագույն հաճախ…
Մենք դեղին թութակներ ու դեղձանիկներ կպահենք
Եվ աղջիկները, որ վաղուց կորցրել են կատվի
խորհուրդը
Էլ չեն կարողանա երգել նրանց պես քաղաքի անկարգ
տանիքների վրա…
Ես պոչս կքաշեմ սուսուփուս, կգնամ,
իսկ դու առաջվա նման սուսուփուս կհետևես ինձ,
Ու կզանգես իմ տուն, այն ութերորդ հարկում, ու
կլռես երկար…
Հայացքներում իմ ցանկություններ են մեռնում
դանդաղ` կատվի հպարտությամբ…
Մեջքը գետնով չի տա ոչ մի կատու…
Ես հիշել եմ այսօր երիցուկների դաշտը,
Ես վազել եմ երկար նրանց միջով,
Ես
ընկել
եմ
նորից
քամու
մեջ
ու
տարել
է
ինձ
բույրը
կանաչ
սարի… իմ
սեր…
Իմ սեր … որ չես թողնում խեղդվել միայնությամբ
լցված իմ կոկորդով…
Քո գոյությամբ ես միայնակ եմ ավելի…
Եվ չեմ կարող ապրել այն աշխարհում,
որտեղ դու ես ապրում և չի պահում ոչ ոք դեղին
թութակ ու դեղձանիկ
Այնքան մաքուր, ծիլ-ծիլ ձայնով…
Որտեղ ինձ չեն սպասում ժամացուցները քո, և չեմ
գալիս ինքս համառորեն…
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий