Поиск по этому блогу

понедельник, 11 февраля 2013 г.

Մի քանի ժամ առանց լույսի (Նշումներ նոթատետրի մեջ)


Ափսոս, որ մթության մեջ հնարավոր չէ գրել՝ մտածեցի ես և հեռախոսիս լույսը  ուղղեցի նոթատետրիս: Էլեկտրական վառարանի վրա չորացող մանկական հագուստը գոլորշի էր թողել պատուհաններին: Քրտնած ապակիների վրա միշտ էլ հաճելի ու զվարճալի է նկարելը: Մոտեցա պատուհանին ու փորձեցի վերարտադրել մանկությունից եկող կնոջ պրոֆիլը: Այն քույրս էր նկարում: ՆՐա մեջ գենետիկորեն է մտած նկարելը՝ հորիցս է փոխանցվել, հորս՝ իր պապից, սա նշում եմ, որովհետև իմ մեջ հորս պապից, մորիցս ու Հրանտ Մաթևոսյանից մեկ այլ ջիղ կա՝ բառեր նկարելը, իսկ գծերն ու դեմքերն իմը չեն: Բայց միևնույնն է փորձում եմ գծել խոշոր աչքը, գեղեցիկ շուրթերը, փոքրիկ քիթն ու երկար, տեղ-տեղ ալիքվող, տեղ-տեղ կլորացող շքեղ մազերը:  Փոքր էի, ուզում էի մեծանալ ու դառնալ այդ նկարի աղջիկը, երկար ու գանգուր մազերս այդ երազանքի արդյունքն են: Մտածում եմ այս ամենը, նկարում ու ժպտում միամտությանս վրա, որովհետև հասկանում եմ, որ քույրս մորս էր նկարում և ես էլ մինչև հիմա երազում եմ նրա նման լինել, թեև նկարել նրան երբեք էլ չեմ  կարողանա:
Ափսոս, որ մի կերպ եմ տեսնում թուղթն ու թանաքի թողած հետագիծը, բայց իմ տանը լույսը միանգամից երկու միտք է կտրում՝ իմ մուսան և աղջկաս երազաները: Թեև չեմ ուզում, որ նա սովորականից ավելի վաղ արթնանա, բայց հաճախ մոտենում եմ ու համբուրում թաթիկը և ճակատը՝ այդքան մաքուր, անմեղ, լուսավոր: Դե իհարկե՝ մայրական համբույրից չեն արթնանում այլ ավելի խորն ու քաղցր են քնում:
Ապակու վրա թողածս նկարները սկսել են հալչել: Աղջկա պրոֆիլը թվաց լաց է լինում, որ իրեն այդքան անճոռնի են նկարել: Նշանակում է այս տարի ձմեռը մեղմ է լինելու: Մթության մեջ աղջկաս շնչառույունը հեքիաթներ է հորինում ինձ համար ու հիշեցնում վաղուց մոռացված մեղեդիներ, հին լուսանկարներ ու հորս պատմած հեքիաթը պարծենկոտ գորտի մասին: Ես դեռ չգիտեմ որքան սիերմ ծնողներիս, որ արժանի լինեմ նրանց, չգիտեմ ինչպես համբուրեմ նրանց ձեռքերը տարածության միջից, որպեսզի առնեմ կարոտս ու հագեցնեմ ինձ: Չգիտեմ ինչպիսին պետք է լինլ, որ վստահ ասեմ՝ ես սիրել ու հավատարիմ եմ եղել ծնողներիս, ես սիրել ու հավատարիմ եմ եղել երեխաներիս՝ ահա այն երկու չափանիշները, որոնցով պետք է չափել մարդու ինքնությունը: Մնացածը իրավիճակի հետևանք է, պահի թելադրանք, ճակատագրի կամք կամ տրամադրության արդյունք, մնացածը կարծիքների փոխանակում է և շահերի բախում:
Փողոցում հերթով վառվում են լապտերները սենյակը դեղին լուսավորություն է ստացել: Փողոցը դատարկ է, մենակ: Մեզանից ով էլ այդքան մենակ լիներ, չէր դիմանա: Չնայած ես հավատում եմ, որ եթե մարդ կարողանում է ինքն իր մեջքը քորել, ուրեմն նա մեծ պոտենցիալ ունի միայնակ երջանիկ լինելու համար:  Մենակությունն էլ ծերանալու հատկություն ունի. չպետք է թողնես, որ պիտանելիության ժամկետն անցնի:
Գուցե շատ են մտքերս, բայց երկար-բարակ խոհագրություններ անելը առնվազն մեծամտություն է: Մութն էլ կամաց ծերացել ու արդեն ճնշում է: Աղջիկս քիչ-քիչ արթնանում է, նա չի սիրում քնից հետո մութը տեսնել և ես շտապում եմ վառել լույսը: Կտրվեց նրա երազների թելը, բայց ես նրան լիքը նոր հեքիաթներ կպատմեմ…

Անի Մաղաքյան     (Շավիղ+) 

Комментариев нет:

Отправить комментарий