Ես մի փոքրիկ տերև իմ խենթ օրերի շրջապտույտում: Ես, արևի ջերմությունից հոգնած, սկսեցի գիշերային լապտերների լույսով ապրել: Երբ այլևս չեկար, դեղնեցի ու դարձա քամուծ քշված, անձրևների ոտքերի տակ ընկած, պատառոտված սրտով մի արարած: Ես քո մեծ երկրի գերին եմ դարձել ու իմ փոքր հողի կարոտով եմ շնչում…
Դու կուզեիր նկարիչ դառնալ, որ բնության գեղեցկությունը նկարել կարողանաս, իսկ ես նկարիչներին չեմ սիրում, քանզի նրանք ամեն մի բնական դարձնում են արհեստական, անշարժ, մեռած, անշունչ: Ես ապրել եմ ուզում և ոչ անմահանալ…
Ընկերներիցս մեկը մի օր ասաց. <<Թույլ մարդը կարող է ինքնասպանության դիմել նույնիսկ այն դեպքում, երբ երթուղայինում ոտքը տրորեն>>: Նման մի բան էլ քեզ հետ պատահեց: Դու կորող էիր գոռալ ` ինձ շունչ տվեք, բայց դա քեզ պետք չէր. Դու ուժ էիր ուզում` թուլություն գտար ` քո թուլությունը մյուսների ուժը գիտակցելն էր:
Մարդկության կործանումն անխուսափելի է. Օր օրի մարդն ավելի ու ավելի հեշտ միջոցներ է ստեղծում ինքն իրեն ոչնչացնելու համար: Եվ դեռ կան իրենց փրկությանը հավատացողներ, որ ոգևորված քարոզներ են կարդում ու ծիծաղում իրենց հավատացողների վրա:
Ես մի փոքրիկ տերև էի , ու արևի լույսից երակներումս կյանք էր արթնանում, ստիպում նայել անմահ բնությանը կտավների վրա ու գնացածների անգույն ժպիտներին ` ոսկեգույնով շրջանակված…
Եվ որպեսզի այլևս չզգամ այս ամենը, մեկուսաց ` գիշերային լապտերների լույսով ապրելու:
2006 թ. Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий