Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

среда, 9 марта 2011 г.

կյանքը դեռ անակնկալներ ունի ինձ համար պատրաստած


Սեդա Ադամյանը ծնվել և երկար տարիներ ապրել է Երևանում: Դժբախտ պատահարը նրան ընդմիշտ գամեց հաշմանդամի սայլակին: Ինչպես հետո ինքն է հիշում `կյանքը կորցրել էր իր գույները և թվում էր ամեն ինչ կմնա մենակությամբ լցված պատերի ներսում` սառած ու անհույս: Շատերն են իրենց մեջ ուժ գտնում հաղթահարել բարդույթներն ու ֆիզիկական սահմանափակ հնարավորությունները անտեսելով գտնել իրենց տեղը հասարակության մեջ: Ոմանց մոտ դա արագ է տեղի ունենում, ոմանցից էլ պահանջվում է ավելի շատ ժամանակ: Սեդան չկարողացավ համակերպվել իր նոր կյանքին, այդպես էլ անհաշտ մնաց սայլակից անբաժան լինելու գաղափարի հետ: Այդպես սև ու սպիտակ, տխուր ու հուսահատված անցան տաս տարիները: Առաջին իսկ հնարավորությունն օգտագործելով Սեդան որոշեց ու մեկնեց Ֆրանսիա: Արդեն երկու տարի է նա Երևանում չէ:Նրա հետ վերջին անգամ խոսել էի, երբ դեռ Երևանում էր: Երեք տարվա մեր ծանոթության ընթացքում, ասյօր ես առաջին անգամ նրա ձայնի մեջ ուրախություն գտա, խոսքերի մեջ ` հույս, աչքերի մեջ` վստահություն:

-բարև Սեդա ջան, ո՞նց ես

- Բրաև…լավ եմ շնորհակալություն

-Ինչպե՞ս է անցել այսօր օրդ

-Ամեն ինչ լավ էր, եղանակը սրտովս էր, գնացել էի այգի…

-Հաճա՞խ ես դուրս գալիս զբոսնելու

-հա, Ստռասբուրգում շատ գեղեցիկ այգիներ կան, այստեղ զբոսնելը հաճույք է, մանավանդ, երբ ոչ ոք աչքերը չորս արած չի հետևում քեզ… ես միշտ վատ եմ զգացել ինձ, երբ Երևանում մայրիկիս հետ զբոսնում էի ու շատերի ուշադրության կենտրոնում էի և ամենավատն այն էր, որ նրանց հայացքը իմ դեմքից կամաց իջնում էր դեպի սայլակս ու կանգ առնում…

-Հայաստանից ինչու՞ մեկնեցիր

-Ես Երևանում եմ ծնվել, շատ ընկերներ ունեի, ամեն ինչ լավ էր, հետո դժբախտ պատահար, հետո սխալ վիրահատություն ու ամեն ինչ փոխվեց միանգամից, սկզբում բժիշկներն ասում էին, որ ժամանակավոր է, բայց ժամանակավորը տևեց տաս տարի ու լրիվ անհույս:

-Բայց նման խնդիրներով մարդիկ Հայաստանում շատ կան, կան կազմակերպություններ, որոնք աջակցում են հաշմանդամներին հասարակության մեջ կայանալ:

-տես, դու ինքդ էլ խոսում ես այնպես, ասես ես այլ մոլորակից եմ, տարբերվում եմ ձեզանից, թեև դու դա չզգալով ես ասում, Հայաստանում տաս մարդուց յոթը ինձ նայում էր, որպես մենակության ու անգործության դատապարտված մարդու:

-Քո կարծիքով հայաստանում մարդիկ այդ աստիճան չարացա՞ծ են հաշմանդամների հանդեպ

-Չէ, ես ամենևին դա նկատի չունեմ, հակառակը, շատ դեպքերում ես պարզապես զգում էի, որ ինձ խղճում են, հավատա` դա շատ ավելի ցավոտ է:

-Խնդիրը միայն մարդկային գործոնի մե՞ջ էր: Դու փորձել ես ինչ-որ ձևով հաղթահարել այդ դժվարությունը, ցույց տալ որ կարող ես ավելին, քան ուղղակի տանը նստելն է…

-Չէ, ես տաս տարվա ընթացքում հուսահատվեցի շատ, վերջին մի քանի տարին անգամ աշխատում էի տանից դուրս չգալ: Թերթեր էի կարդում ու հեռուստացույց դիտում: Ինձ թվում էր, որ դա է այն կյաքը, որն ինձ տրված է:

-Ֆրանսիան փոխե՞ց քեզ

-Երեևի ավելի շատ ֆրանսիացիները, ուզում եմ ասել ` նրանց վերաբերմունքը ինձ ինքնավստահություն տվեց, հասկացա, որ կարող եմ օգտակար լինել հասարակությանը:

-Աշխատու՞մ ես

-Հա, ամեն օր մի քանի ժամ զբաղեցնում եմ մանկապարտեզի երեխաներին: Ավելի շատ հասարակական աշխատանք է, ես համարյա գումար չեմ ստանում, բայց ինձ համար կարևորը երեխաների հետ շփումն է: Դա մեր հասարակական կազմակերպության ծրագրերից էր, ծրագիրն ավարտվեց, բայց ես շարունակեցի աշխատել, դա ինձ շատ է դուր գալիս:

-հայաստանում փորձե՞լ ես աշխատանք փնտրել

-չէ, եթե փորձեի էլ, միևնույնն է իմ առաջ մեծ խնդիր էր լինելու` տեղաշարժման խնդիրը, միայն մուտքից դուրս գալն արդեն դժվար էր

-ֆրանսիայում չկա՞ն այդ խնդիրները

-Չեմ ասի, թե այստեղ ամեն ինչ հարթ է, միևնույնն է լինում են դժվարություններ, բայց այստեղ որքան բնական են սանդուղքները,նույնքան էլ բնական են թեքահարթակները, սա առաջին անհրաժեշտության պարագան է, որը Երևանում մեծ խնդիր է:

-պահպանու՞մ ես կապը հայաստանի հետ

-հա, իհարկե … ընկերներ Երևանում գրեթե չունեմ, բայց շատ եմ կարոտում ծնողներիս, հարազատներիս

-Հե՞շտ էր մեկնելու որոշում կայացնելը

-Մեկնելու պրոցեսը մոտ կես տարի ընթացավ, այն ծրագիրը, որի շնորհիվ կարողացա մեկնել մի քիչ դանդաղ էր առաջ գնում: Անհամբեր սպասում էի, թե երբ եմ ինքնաթիռից տեսնելու Երևանը, հետո զգացի, որ որքան մոտենում է մեկնելու օրը այնքան մեծանում է տագնապը, երևի բոլորի մոտ այդպես է լինում: Դեռ չէի մեկնել, բայց արդեն կարոտում էի հայրիկիս: Այնպես որ որոշումը հեշտությամբ կայացրեցի, բայց այդ որոշումը կատարելը դժվար էր:

-ի՞նչ դժվարությունների հանդիպեցիր ֆրանսիայում, երբ նոր էիր գնացել

-Առաջինը լեզուն էր, ես մի քիչ անգլերեն գիտեի ու ռուսերեն,ֆրանսերեն էլ միայն <<մերսի>>-ն էր, որը մենք էլ ենք օգտագործում, հետո ոչնչի տեղ չգիտեի, բայց ընկերներս օգնեցին դա էլ հաղթահարեցի …

-Շա՞տ ընկերներ ունես Ստռասբուրգում

-Ընկերները երբեք շատ չեն լինումեթե նրանք չլինեին, ես մեկ օր էլ չէի կարողանա մնալ այստեղ… նրանք ինձ դարձրեցին կենսուրախ, լիարժեք մարդ, ես ունեմ նպատակներ, երազանքներ և կարևորը հավատում եմ, որ կյանքը դեռ անակնկալներ ունի ինձ համար պատրաստած:

-մարդ միշտ էլ ունի երազանքներ, դու ի՞նչ էիր երազում, երբ Երևանում էիր և ի՞նչ ես երազում հիմա

-Երևանում, ես երազում էի նոր կյանք սկսել մի տեղ, որտեղ ինձ ոչ ոք չի ճանաչում, ամեն ինչ նորից կառուցել ` նոր կյանք, նոր ընկերներ, այստեղ երազում եմ ընտանիք կազմելու մասին, իմ ընկերներից շատերը սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեն, բայց երջանիկ ընտանիքներ են կազմել, նրանց օրինակն ինձ ոգևորում է…

-Հավատում եմ, որ այդպես էլ կլինի…

-Ես էլ եմ հավատում, մեծերից մեկն ասել է, այն ամենն ինչ կա աշխարհում մի օր մեկի երազանքն է եղել, այնպես որ երազանքները միշտ էլ կատարվում են…

Անի Մաղաքյան

Комментариев нет:

Отправить комментарий