Ծաղկավաճառ կնոջ համար յուրաքանչյուր առավոտը սկսում է նույն հույսով, թե այսօր կհայտնվի շատ սիրահարված մեկն ու կգնի իր ունեցած բոլոր տեսակի ծաղիկների բոլոր փնջերը: Այդպես դեռ երբեք չի եղել, բայց երազանքը մնում է երազանք` հատկապես, եթե ներքուստ գիտես, որ չի իրականանալու: Եվ դա նրանից չէ, որ չկա հիմա մեկն, ով այնքան սիրի, որ նրանից գնի բոլոր տեսակի ծաղիկների բոլոր փնջերն ու նվիրի իր սիրելիին, երևի այդպիսիք շատ կան, բայց չեն գնում չգիտես ինչու, նույնիսկ, երբ շատ էժան է վաճառում:
Ծաղիկավաճառ կնոջ կրպակը շատ փոքր է ներսում նստելու համար, բայց օրվա վերջում բոլոր ծաղիկները տեղավորվում են այնտեղ: Ցերեկը նա շարում է փոքրիկ ծաղկամանների մեջ իր ունեցած բոլոր տեսակի ծաղիկների փոքրիկ փնջերը և նստում դրանց մեջտեղում: Գլխավերևում պահում է վարդագույն հովանոցը և գիրք է կարդում: Մեկ-մեկ ակնոցների տակից նայում է անցորդներին, հետո իր ունեցած բոլոր ծաղիկների փնջերին և նորից սկսում է կարդալ:
-Անթառամներ, երիցուկներ, աստրաներ…,- կիսաձայն ասում է նա, երբ տեսնում է, որ կանգառում շատ մարդ է հավաքվել:
Տարվա մեջ նրա ամենասիրելի օրերը տոներն էին` մարտի ութը, կամ Սուրբ Սարգսի տոնը, երբ ամենաշատ ծաղիկներն էր վաճառում: Իրենից շատ էին գնում այդ օրերին վարդեր, երիցուկներ, մեկ-մեկ էլ անթառամներն այնպես էր հարմարեցնում փնջի մեջ, որ դա էլ էր վաճառվում: Ես չգիտեմ կար արդյոք մեկն, ով հենց ծաղկավաճառ կնոջ համար ծաղիկներ էր գնում տարվա մեջ գոնե մեկ անգամ և չգիտեմ նա երբևէ այդ մասին մտածել էր թե ոչ, միայն կասեմ, որ նա պատրաստում էր այնպիսի փնջեր ինչպիսիքն ինքը կցանկանար ստանալ: Այդպես մի անգամ եղել էր: Իրեն նվիրել էին իր իսկ վաճառած սպիտակ ու դեղին երիցուկների փունջը: Մի քանի ժամ անց նա այդ փունջն էլի վաճառել էր: Ինչևէ այս պատմությունն այնքան այդ մասին չէ, որքան գունավոր թղթերի: Սուրբ Սարգսի տոնը ծաղկավաճառ կնոջ համար սպասված էր, նա երբեք ոչ մի հասակում աղաբլիթ չէր կերել և աղանձով սկուտեղ չէր դրել տանիքին, բայց սիրում էր այդ օրը: Այդ օրը միշտ ծաղիկներն ավելի խնամքով է դասավորում մայթի իր անկյունում, համապատասխանեցնում է գույներն ու ձևերը, անում է այնպես, որ աչքի համար հաճելի լինի կանգնել ու ընտրել փնջերից որևէ մեկը: Այս անգամ իր փոքրիկ կրպակի կողքին մի տղա էր կանգնել` ձեռքին թղթե սրտեր` տարբեր չափերի և գույների: Սրտերը փուչիկների նման ուռուցիկ էին և յուրաքնչյուր սրտի ներսում թղտից պատրաստած ծաղիկներ էին: Արդեն կեսօրն անց էր, բայց կինն ընդամենը երկու փունջ էր վաճառել, իսկ գունավոր սրտերն արդեն վերջացել էին: Վերջինը գնեց մի տղա, ծաղկավաճառ կինը նրան ասաց.
-ծաղիկներ էլ գնիր, վարդեր, անթառամներ..
-սրանից լավ անթառամ չեմ ճարի…,- ասաց երիտասարդն ու գնաց…
Կինը շրջվեց` մի տեսակ նեղացած ծաղիկներից էլ, փողոցից էլ, սիրահարված ու չսիրահարված բոլոր մարդկանցից ու հատկապես գունավոր թղթերից սրտեր վաճառող տղայից: Տոնը դավաճանել էր իրեն, որովհետև տարվա մեջ սա այն եզակի օրերից էր, երբ իր ամենօրյա երազանքը մի քիչ մոտենում էր իրականանալուն: Հետո շրջվեց, երևի որ հաշտություն կնքի նորից ծաղիկների, փողոցի, սիրահարված ու չսիրահարված բոլոր մարդկանց ու հատկապես գունավոր թղթերից սրտեր վաճառող տղայի հետ: բայց արդեն չկար տղան նա միայն տեսավ անթառամներով լի փոքրիկ ծաղկամանի մեջ կարմիր թղթե սիրտ` ներսում ճերմակ անթառամներ: Ու արտացոլվեց արդեն հազարերորդ անգամ քաղաքի հայացքը ծաղկավաճառ կնոջ գունատ աչքերի մեջ ...
Անի Մաղաքյան / լուսանկարը` Անի Մաղաքյանի
Комментариев нет:
Отправить комментарий