Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

понедельник, 8 июня 2015 г.

...երդում......(...հորինված մեկ օր շատ երկար մի պատմությունից...)

....Նա քարերի ու խոտերի միջից գտավ երկու մլի կտոր ու մատանիներ սարքեց: Մեկը տվեց ինձ ու ասաց ՝ սկսիր: Չգիտեի ինչ ասել և որոշեցի պարզապես անկեղծ լինել ու սկսեցի.
-երդվում եմ..
-երդվում եմ,- կրկնեց նա
-...այս վայրի ամայության և երկնքի անսահմանության առաջ...
-...եվ երկնքի անսահմանության առաջ...
-... որ կսիրեմ միշտ...
-...միշտ...
- ...երբեք չեմ դավաճանի և երբեք չեմ ների դավաճանությունը...
-...և չեմ ների դավաճանությունը...
-...և բաց կթողնեմ, եթե ուզես գնալ...
- ...եթե ուզես...
-...և կգնամ, եթե բաց թողնես մի օր...
-... եթե բաց թողնես...
-... չեմ վերադառնա, եթե չկանչես... և չեմ կանչի, եթե չուզես վերադառնալ...
- ... չեմ կանչի, եթե չուզես և չեմ վերադառնա, թե չկանչես...,- շարունակում էր իմ ետևից կրկնել նա...
-..երդևում եմ միշտ լինել քոնը...հեռու, թե մոտիկ...
-... հեռու թե մոտիկ...
-...քո կողքին, թե մեկ ուրիշի...
-... ուրիշի...,- ձայնը կորցրեց վստահությունը...
-...երդվում եմ...
 -...երդվում եմ...
-... ....... ... .......
-......... .... ... ..   .......
Հետո մլերից պատրաստված մատանիները իրենց անշուք խորհրդով զարդարեցին մեր ձախ ձեռքերի միջնամատերը: Ես ուզում էի ասել ՝ հիմա կարող եք համբուրել հարսնացուին, բայց չասացի, նա հաստատ մտածեց, բայց կախեց գլուխը, իսկ ես քաղաքին էի նայում, որը բացել էր իրեն մեր առաջ: Հատուկենտ լույսեր էին սկսել վառվել հեռվում...
Մենք արդեն երդվել էինք և գիտեիք, որ իզուր: Նա բռնել էր ձեռքս, գլուխը դրել էր թևիս վրա ու չէր կարողանում ասել, այն ինչի համար եկել էր, այդպես էլ երբեք չկարողացավ ասել, իսկ ես այնքան մեծ չէի, որ բառերի կարիք չունենայի և մենք գնացինք...
Մի քանի ժամ հատուկ, խնամքով ու չարչարանքով հարդարած մազերս արդեն քանդվել էին քամուց ու խոշոր գանգուրների փոխարեն մնացել էին անշուք ալիքներ, որոնք, հետո հասկացա, որ նրան ավելի էին դուր գալիս: Ինչպիսին էլ լինեին մազերս միևնույնն է ես նրա կողիքն ինձ միշտ ամենագեղեցիկն եմ զգացել, ամենացանկալին, ես ամենագեղեցիկն  էի ամեն անգամ, երբ նրան էի նայում և միևնույն ժամանակ միշտ մտածել եմ, որ բավական լավը չեմ նրա համար, որ նա ավելիին է արժանի: Ասում են՝ դա է սերը... և սեր է այն, որ երբեք հավատարիմ չմնացինք մեր երդմանը, բայց միշտ ներեցինք իրար:
...իսկ հետո... անգամ մեր ստվերները չմնացին այն նույն վայրում, որտեղ մենք այդքան լուռ սիրում էինք իրար այն միակ օրը... մենք չմնացինք, մնաց օդում կախված միայն մեր երդումը, որովհետև բառերը անհետ չեն կորչում: Մենք չգիտեինք, որ պետք է զգույշ լինել խոստումներ տալիս....

Անի Մաղաքյան

Комментариев нет:

Отправить комментарий