«Երբ խոսքերը ավելորդ են, լավ մտքերն էլ խորթ են, կյանքը թող շարունակվի…»` հայտնի երգի հայտնի տողն արժեքավորվում է հատկապես, երբ բոլոր տեսակի փակ ու կիսաբաց դռների կողքին լսվում է մի հին դռան ճռռոց, իսկ այնտեղից լույս է տարածվում ու կանչում քեզ փորձելու, հասկանալու և ճաշակելու նոր հորիզոններ, նոր ակունքներ ու սովորություններ… Բայց այս տողի իմաստը հատկապես զգալի դարձավ, երբ տասներեքամյա Սերինե Հայրապետյանից ստացա մի շատ գեղեցիկ նամակ, որից գոնե մեկ հատված պարզապես չեմ կարող ձեզ չներկայացնել` «Բարև, սիրելի Անի Մ. : Շատ ուրախ եմ, որ Շավիղում կա բլոգ և մենք կարող ենք յուրաքանչյուր շաբաթ մասնակից լինել հետաքրքիր զրույցների… Դու խնդրել էիր քեզ թեմաներ առաջարկել և ես մտածեցի, որ աշխարհում թեմաներն անսպառ են և պետք է սկսել հենց ԱՇԽԱՐՀԻՑ: Միշտ փորձել եմ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե այն ես նախագծեի: Երևի էլ չէին լինի ոչ մի սահմաններ և պարիսպներ, չէին լինի վանդակներ և բոլորս կսովորեինք ապրել միմյանց կողքի` առանց նեղացնելու իրար, առանց հողեր ու կյանքեր խլելու… Ես չեմ ակնկալում կախարդական փայտիկ, կամ ոսկե ձկնիկ գտնել, ես պարզապես հավատում եմ, որ մարդկային կամքն ու գիտակցությունը բավարար է երանելի աշխարհ ստեղծելու համար…»: Սիրելի Սերինե ներիր, որ նամակդ ամբողջովին չեմ կարող տեղադրել այստեղ, բայցևայնպես շնորհակալ եմ քո շուրջ տարածվող բարության համար: Դու հարցրել էիր, թե ես ինչպիսի աշխարհ կստեղծեի, երկար մտածելուց հետո հասկացա, որ «քո աշխարհից» ավելի լավը չեմ կարող «նախագծել»: Պարզապես ուզում եմ ասել, որ միևնույն երևույթը չի կարող համատարած բոլորի համար երանելի լինել և երբեմն սահմաններ ու ինչու ոչ վանդակներ են պետք գոնե մի չնչին չափով քո մտահղացումն իրականացնելու համար: Մարդկային գիտակցությունն իրականում անընդունակ է որևէ բան փոխել, երբ համատարած խավարի ու մթության մեջ կարկամում է կամքը, այնպես որ սահմաններն ու վանդակները վերացնելուց առաջ պետք է վերացնել մութը, միջակությունն ու այն դատարկությունը, որը լցնում է իրենով ճանապարհին հանդիպող ամեն մի տարածք:
Հաջորդ նամակը, որի մասին կցանկանայի խոսել` Արմինե Մկրտչյանինն է: Արմինեն ինձ խորհուրդ էր տվել անպայման այցելել Գանձասար և քանի որ դա նաև իմ ծրագրերի մեջ էր մտնում, նամակն ստանալու հաջորդ օրն արդեն Գանձասարում էի: Սիրելի Արմինե այնտեղ ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես դու էիր նկարագրել: Նախ` Վանք գյուղն ընդհանրապես նման չէ Ղարաբաղի մյուս գյուղերին, այն շատ փոքրիկ ավանի է նման, գունավոր շինություններով և մի շատ հետաքրքիր պատով, որի վրա ամբողջովին փակցված են մեքենաների հին համարանիշեր, որտեղ լուսանկարվել եմ, ինչպես դու էիր խորհուրդ տվել, քո խորհրդով լուսանկարվել եմ նաև «Սուպերդուքյան» խանութի մոտ և հուշանվեր եմ գնել այնտեղից J : 13րդ դարին վերագրվող Գանձասարի եկեղեցին հիացրեց ինձ: Խոսքեր չունեմ արտահայտելու նախշաքանդակների թողած տպավորությունն ու եկեղեցու ներսից փոխանցվող հոգևոր խնկաբույր շունչը: Տեսարանն այնտեղից աստվածային է: Շուրջը ծառաշատ սարեր, խիտ անտառներ ու մեծ սալաքարեր: Դե իհարկե բաց չթողեցի նաև Գանձասարի հայտնի առյուծը:
Շնորհակալ եմ նաև Արմինե Վարդանյանին և Լուսինե Հունանյանին Ջտրդուզի մասին գրածիս արձագանքելու համար: Նրանք երկուսն էլ եղել են այնտեղ և գրում են, որ շատ են սիրում այդ վայրը: Լուսինեն ափսոսում է, որ չի կարող հաճախ այտեղ գնալ, իսկ Արմինեն գրել էր, որ առաջին անգամ Ջտրդուզում է զգացել, որ անսահման սիրում է աշխարհը, մարդկանց և հատկապես «իր միակին» J:
Խոստանում եմ անպայման նաև ձեր առաջարկած ֆիլմերը դիտել, և քննարկել ձեզ հետ միասին Շավիղյան բլոգում: Եղեք ակտիվ և ուղարկեք ինձ հետաքրքիր թեմաներ ու առաջարկներ: Անհամբեր սպասում եմ ձեր նամակներին: Եվ հիշեք` յուրաքանչյուրս ապրում ենք այն աշխարհում, որն ինքներս ենք ստեղծում մեր շուրջ, այնպես որ` ապրեք սիրառատ, ապրեք սիրով, ապրեք սիրո կողքին…
Ձեր շաբաթաթերթյան սիրառատ բարեկամ Անի Մաղաքյան
Գրեք ինձ maghaqyan@gmail.com էլ-հասցեով և փնտրեք facebook.com կայքում…
կարդացեք TV ալիք շաբաթաթերթում
Комментариев нет:
Отправить комментарий