Եթե բակում դուք լսում եք մի քանի կանանց զրույց և մտածում, որ հնչյունների ավելի անհեթեթ միաձուլում չէր կարող լինել, եթե ասֆալտի միջից աճած անհայտ բույս եք տեսնում և նկատում եք, որ մեկ տարի առաջ ներկված ճանապարհի հոծ գիծը թարմությամբ չի զիջում հենց նոր ներկվածին և երեք ժամ պատուհանից նայելով ոչ մի մեքենա չի անցնում այդ նույն փողոցով, փոխարենը` երեխաներն այնտեղ գնդակ են խաղում, եթե փոշոտ, փայտի, երկաթի ու ապակու կտորներով լի բակում կախված է վառ կարմիր ու դեղին ներկված ճոճանակը, եթե խանութում հացի փոխարեն ձեզ ալյուր և խմորիչ են առաջարկում, եթե հորիզոնում միայն սարեր, լեռներ ու անտառներ են երևում և բոլոր անծանոթ կանայք բարևում են ձեզ յուրայինի նման, իսկ երեխաները ամեն անգամ տեսնելիս հարցնում են ` հունցու՞ս և վերջապես, եթե հասարակական տրանսպորտում երեք տարեկան աղջնակը իր մեկ տարեկան եղբոր համար երգում է` «իմ կուճուր ապեր ես քեզ սիրում եմ, ազատ Ղարաբաղ»` ուրեմն անհանգստանալու կարիք չկա ` ԴՈՒՔ ՇՈՒՇԻՈՒՄ ԵՔ… J
Շավիղյան բլոգի սիրելի ընթերցողներ, երջանկության որոնումներն ինձ բերել են այսօր Շուշի` հրաշալի մի վայր, որտեղ ես գտել եմ անցյալում բաց թողած բոլոր հրաշալի օրերիս փոխհատուցումը…
Շուշին հրաշալի աշխարհ է, յուրահատուկ մարդկանցով, հիանալի ճարտարապետական (ցավոք` հաճախ կիսաքանդ) շինություններով, որոնց արձագանքները կարելի է լսել ամեն անգամ մոտենալով նրանց:
Ես ապրում եմ չորսհարկանի շենքի վերջին հարկում, պատուհանից բացվում է կանաչ սարալանջի տեսարանը ու մեր շենքից ոչ շատ հեռու կիսաքանդ, ավելի քան մեկ դար ապրած հնագույն վարժարանի շենքը, որն անհնար է ներկայացնել բառերով, սա այն դեպքն է, երբ տեսնել է պետք:
Երբ դեռ ոչինչ չէի տեսել Շուշիում, իմ պատուհանին կից պատուհանից մի օր մի հրաշալի մանկական ձայն ասաց.
-Բարև, հունցու՞ս…
-Բարև, Լավ եմ դու ո՞նց ես,- ասացի ես` փորձելով ավելի լավ տեսնել նրա դեմքը
-Մեր Ջդրդյուզըմ ըլալի՞ս, պիտի քյնաս…
Նույն երեկոյան ես արդեն կանգնած էի հոգիդ, մտքերդ, սրտիդ զարկերն ու անգամ արյանդ կարմիր գնդիկները մի կետում հավաքող ահռելի բարձրությամբ ձորի պռնկին: Առջևում խիտ անտառ է, ներքևում գետ, թարմ քամին փաթաթվում է դեմքիդ, խառնվում մազերիդ մեջ, դու պարզում ես թևերդ և արդեն թռչում ես երկնքում պտտվող արծիվների կողքին ` ահա այսպիսն է Ջդրդուզը: Հիմա արդեն հաճախ եմ այնտեղ գնում հավաքում եմ մտքերս, հանգստանում եմ, թարմանում:
Հավատացեք Անի Մաղաքյանին, ոչ մի գիտական տեսություն, տեխնիկական նորամուծություն կամ հոգեբանական վերլուծություն չի կարող համեմատվել վերը գրվածի հետ, նույնիսկ ամենահրաշալի ֆիլմը ձեզ չի փոխանցի այդ զգացողությունը: Ի դեպ` ֆիլմի մասին, իմ նախորդ բլոգի թեմային արձագանքել են Շավիղի հավատարիմ ընթերցողներ Սիրանուշ Հովսեփյանը և Արմեն Մարտիրոսյանը: Սիրանուշի կարծիքով յուրաքանչյուր աղջիկ է երազում «հրեշի սիրո» մասին, սակայն քչերն են խոստովանում դա, Սիրանուշը ասում է`որ Շավիղյան բլոգում գտել է այն, ինչը հաճույքով կարող է քննարկել մտերիմ ընկերուհիների հետ: Արմեն Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Շավիղին հետաքրքիր թեմաների անդրադառնալու համար և խոստացել է հնարավորինս հաճախ գրել մեզ: Դե ինչ կսպասեմ ձեր հետագա նամակներին հարգելիներս: Իսկ ես ֆիլմեր դիտելու սովորությանս չեմ դավաճանել նաև Շուշիում: Այստեղ սկսել եմ նաև շատ գրել, հավատացեք գրելու նյութն անսպառ է, սա մի վայր է, որտեղ դու դառնում ես հարազատ բոլորի համար ինքդ էլ չհասկանալով` ինչպես:
Չգիտեմ դեռ որքան կմնամ այստեղ, բայց համոզված եմ, որ տեսնելու, բացահայտելու ու սովորելու շատ բան ունեմ: Եթե Շուշիի մասին որևէ բան է ձեզ հետաքրքիր գրեք ինձ և ես անպայման կպատասխանեմ: Նաև խնդրում եմ որևէ հետաքրքիր ֆիլմ խորհուրդ տվեք դիտել և մենք անպայման կքննարկենք այն մեր բլոգում: Գրեք միշտ, առաջարկեք թեմաներ, որոնց շուրջ կարող ենք զրուցել Շավիղյան բլոգում: Կսպասեմ ձեր նամակներին:
Հարգանքներով` ժամանակավոր շուշվեցի` Անի Մաղաքյան…
maghaqyan@gmail.com , ինձ կարող եք գտնել նաև facebook-ում …
կարդացեք TV ալիք շաբաթաթերթում
Комментариев нет:
Отправить комментарий