Ասվածի ու չասվածի սահմանը նուրբ է, գրեթե անտեսանելի… Գրականությունը զգուշորեն անցնում է մի հարթությունից մյուսը ` տանելով մեզ իր ետևից, ցույց տալով ժամանակի շունչը… Այն ինչը մեզ համար անհնարին է թվում, գրողի համար նոր իրականություն է, անքնարտահայտման նոր դաշտ…
Այս անգամ խորագրի հյուրերն են գրականության և իրականության անտեսանելի եզրագծին կանգնած երկու սերնդների ներկայացուցիչներ ` գրող, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը և արձակագիր Հարութ Կբեյանը …
. Սերունդների երկխոսության, թե՞ պայքարի ականատեսն ենք այսօր
Գուրգեն Խանջյան
Սերունդների շփան մեջ պայքար միշտ էլ կա: Ավագ սերունդը մի քիչ խանդով է վերաբերվում երիտասարդներին, դա բնական է, բայց ի վերջո գալու է նոր սերունդը` ծայրահեղական մոտեցումներով, ըմբոստությամբ, կյանքը, գրականությունը փոխելու համարձակ մղումներով` դա բնորոշ է ջահելությանը: Եթե հասկանում ես դա, պետք է չխանգարես, նրբանկատորեն ուղղորդես նրանց, որովհետև վաղ թե ուշ երտասարդները զգալու են, որ դա կռիվ չէ` դա միայն նշանակում է հենվել հնի վրա և ասել նորը:
Հարութ Կբեյան
Սերունդների միջև չի կարող երկխոսություն լինել, եթե երիտասարդների սերուդը առողջ սերունդ է, ուրեմն պետք է պայքարի, եթե ավագ սերունդը առողջ սերունդ է, ապա պետք է երկխոսության ճանապարհներ փնտրի: Պայքարի առիթ միշտ կա, նույնիսկ եթե այդ առիթը հիմնավորված չէ, միայն պայքարի դեպքում կարելի է որևէ բան ստեղծել:
. Ի՞նչ կփոխեիք այս սերնդի մեջ, և ի՞նչ կուզեիք վերցնել նախորդից:
Գուրգեն Խանջյան
Շատ կուզեի փոխել երիտասարդների մոտեցումը նոր գրականությանը: Նույն անհեթեթ պատկերացումները գրականության մասին, ինչպիսին տասնհինգ տարի առաջ` խորհրդային շրջանում էր: Դրանք կոչեր էին, որ գրականությունը մեզ պետք է դաստիարակի, պայծառ ապագա ցույց տա, բայց դա չի կարող միանշանակ լինել բոլոր գրական գործերի համար: Գրականությունը հնարավորություն է տալիս տեսնել մի աշխարհ, որին դեռ ծանոթ չես: Երիտասարդ սերնդին անհրաժեշտ է բացատրել, որ գրական ստեղծագործությունը ևս մի մարդու հայացք է որևէ երևույթի նկատմամբ:
Հարութ Կբեյան
Չէի փոխի իմ սերնդի մեջ ոչինչ, չէի էլ վերցնի նախորդից որևէ բան: Մենք ենթագիտակցորեն դեռ սովետի ապրանք ենք. սովետական հեռուստացույցի նման ենք, պետք է խփես որ աշխատի (ծիծաղում է . Ա.Մ.): Սովետը միևնույնն է հետք է թողել և այդ հետքը կա ամեն տեղ: Երևի ինձանից հետո հասունացող սերունդը ավելի լավը լինի: Եկող սերունդը միշտ ավելի լավն է նախորդից, ավելի ազատ է:
.գրողը, ե՞րբ ունի ասելիք, երբ ավելի հասու՞ն է, թե՞ երբ երիտասարդ է
Գուրգեն Խանջյան
Գրողն ունի ասելիք, երբ ունի փորձ, իսկ դա անհատական է: Մեկը երիտասարդ հասակում հնարավոր է ապրած ու տեսած լինի ավելի քան իրենից շատ ավելի հասունները: Մենք շատ երիտասարդ պոետներ գիտենք, բայց արձակագրի համար կյանքի փորձն անհարժետ է: Պարզապես գրողը պետք է ճիշտ պահը ընտրի գրելու համար, որպեսզի չստացվի այնպես, որ կա ասելիք, բայց սպառվել է երևակայությունը, կամ կա հիանալի տեկստ, բայց արդեն կամ դեռ ասելիք չկա:
Հարութ Կբեյան
Կապ չունեն տարիքն ու ասելիքը:Կապ ունի ասելու ձևը: Եթե գրող ես, ուրեմն ունես ասելիք, եթե նույնիսկ վատ գրող ես: Իմ սերնդի ասելիքը դեռ պետք է ձևավորվի: Նախորդ սերունդը փակ վիճակից անմիջապես ազատություն ստացավ, բայց ես այդ ազատությունը չեմ տեսել այդ սերնդի գրական գործերի մեջ:
. Ո՞վ է գրողը ձեր բնորոշմամբ: Ո՞րն է ձեր առաքելությունը, որպես գրող
Գուրգեն Խանջյան
Մի գրականագետ մի անգամ ասաց` գրականագետը չկայացած գրողն է, իսկ գրողը` չկայացած մարդը, գուցե կա՞ ճշմարտություն: Գրողը կյանքի հետ լեզու չգտած, կյաքի, հավատի ու աշխարհի հետ կռիվ ունեցող մարդն է: Գրողը այն մարդն է, ով հենվել է կյաքին և կողքից է հետևում: Գրողը միշտ խեղդվելու չափ ասելիք ունի և գրեթե միշտ չի հասցնում ասել: Իմ առաքելությունը ես գիտեմ, բայց չեմ ուզում ասել, երբեմն իմ ընթերցողն ինձ համար ավելի կարևոր է քան ասելիքս:
Հարութ Կբեյան
Ամեն ինչ շատ ավելի պարզ է: Առաքելության մասին հիմա խոսելն անիմաստ է, ինչպես հավի հետ իր առաքելության մասին խոսելը: Գրողը ստեղծում է ապրանք, որը ենթակա է սպառման, խնդիրը նրանում է, թե իր ստեղծած ապրանքը որքանով է պահանջված: Գրողը պետք է ստեղծի մի բան, որն առաջին հերթին կարդացվի, չլինի մակուլատուրա, բառերի շարք:
.Գրականության գործառույթը միայն իրականությունը ցույց տալն է, թե …
Գուրգեն Խանջյան
Եթե միայն իրականություն ցույց տալը լիներ, կարող էր և չլիներ: Գրականությունը պետք է իրականության մեջ մեկ ուրիշ իրականություն ստեղծի: Պատկերացրեք, թե մեր իրականության մեջ, որքան տարբեր ու հետաքրքիր իրականություններ կան` գրողների կողմից ստեղծված:
Հարութ Կբեյան
Գրականության գործառու՞յթը: Ի՞նչ է դա: Չեմ ընդունում գրականության նկատմամբ այդ պաթետիկ վերաբերմունքը: Ես կարող եմ ասել, թե ինչ է գրականությունն այսօր: Այսօր գրականությունը շուկա է, որտեղ հայտնվում են տարբեր տեսակի գործեր, մեկը պահանջված է մյուսը չէ,երրորդն էլ որոշ ժամանակ անց է պահանջարկ ձեռք բերում:
.Գրողը պե՞տք է համընթաց քայլի ընթերցողի հետ, թե՞ մի քայլ առաջ լինի նրանից…
Գուրգեն Խանջյան
Պետք է երբեմն ընթերցողին հավասար գնալ, երբեմն` առաջ անցնել և ընկնել փոսը, օրինակ դառնալ նրա համար: Ընթերցողի մի կերպար ունեմ իմ մեջ, ով միշտ կողքից նայում է, ինձ հետ միասին կարդում է: Բայց դա էլ ենթագիտակցորեն է արվում:
Հարութ Կբեյան
Դա անհատական վերաբերմունք է: Ոչ մի գրող չի կարող հստակ ձևակերպել, այն թե ինքը ընթերցողի որ կողմում է գտնվում, առաջ է անցել, թե ետ է մնացել: Դա միանշանակ զգում և որոշում է միայն ընթերցողը և նա էլ կարող է ասել :
. Մենք այսօր ունե՞նք լավ գրականություն, բայց չունե՞նք ընթերցող, թե՞ ունենք ընթերցող, բայց չունենք լավ գրականություն…
Գուրգեն Խանջյան
Մենք հիմա ունենք լավ գրականություն մի քանի սերունդների մեջ, մեր երիտասարդները լավ գործեր են անում, ինձանից ավագ և հենց իմ սերունդը լավ գրականություն դեռ տալիս է: Պարզապես ընթերցողի հետաքրքրությունների դաշտն է փոխվել: Ընթերցողը երերուն վիճակում է և այս ընտրության պահին նրան ձեռնտու է հակվել դեպի այն կարծիքը, որ չկա լավ գրականություն: Սա ինձ թույլ է տալիս ասել, որ մենք պարզապես չունենք լավ ընթերցող:
Հարութ Կբեյան
Միանշանակ չի կարելի ասել ոչ մեկը, ոչ մյուսը, խնդիրն ավելի խորքային է ու բարդ: Այսօր չկա լավ գրականություն, որովհետև գրական շուկա ձևավորողներն են պասիվ: Այսօր հրատարակիչները միայն տպագրությամբ զբաղվող մարդիկ են, չգիտեն` ինչ է պետք գրողին և ինչ է պետք ընթերցողին: Գրողները տարված են գրականության մասին վեհ գաղափարներ քարոզելով, հրատարակիչներն էլ ` դե դասագիրք է տպենք, գնա, կարգախոսով են աշխատում:
.Ո՞րն է այն խորհուրդը, որ կցանկանայիք փոխանցել նոր սերնդին
Գուրգեն Խանջյան
Գրականության առումով նոր սերնդի վիճակը բարդ է: Հիմա շատ ճանապարհներ են բացվել դիլետանտ, գրամոլ մարդկանց համար: Նոր սերունդը պետք է կարողանա վերացնել դա: Երիտասարդների մեջ տաղանդավոր դրսևորումներ ու նվիրվածություն եմ տեսնում: Միայն թե խորհուրդ կտամ գրել սեփական փորձի վրա հիմնված գործեր: Չվախենան ընկնել փորձությունների, արկածների մեջ:
Հարութ Կբեյան
Մի հավատացեք գրաքննադատների, գրողների կարծիքներին ձեր գործի վերաբերյալ, եթե նույնիսկ շատ լավ բաներ են ասում, որովհետև փչանալը շատ հեշտ է, վերականգնվելը` դժվար: Միակ ճիշտ գնահատականը ձեզ կտա անկեղծ, անկողմնակալ ընթերցողը:
Կարդացեք SLID ամսագրի վերջին համարում...
Комментариев нет:
Отправить комментарий