Ես երազում էի լինել նրա նման մեծ, գեղեցիկ ու չաղ…
Նրան ոչ ոք գեղեցիկ չէր համարում, բացի ինձանից… նա ծիծաղում էր , բացելով իր մեծ, երկար ատամների սպիտակ հավասար շարանը, ամեն անգամ, երբ ես նրա ետևից վազում էի ու գոռում, որ նա աշխարհի ամենագեղեցիկ, մեծ ու չաղ մարդն է… մյուսները նրանից վախենում էին և միայն հետևից խեթ նայելով իրար մեջ փսփսում էին, թե որքան տգեղ է նա` մեծ ու չաղ: Փսփսում էին, որովհետև նա մեծ ականջներ ուներ և հազիվ թե որևէ շշուկ բաց թողներ…
Ես հինգ տարեկան էի:
Երբ հայրս փակում էր մեր տանը գրեթե կպած փոքրիկ մթերային կրպակը և դռան վրա փակցնում ` <<անհրաժեշտության դեպքում ձայն տվեք>>, բոլորի մոտ իրարանցում էր սկսվում. բոլորի մոտ անհրաժեշտություն էր առաջանում ` լուցկու, հացի, ծխախոտի կամ խունկի, որը մոտակայքում միայն հորս կրպակում կարելի էր գտնել, ասենք ` այնտեղ կարելի էր գտնել ամեն ինչ:
Նա երբեք մեր կրպակից ոչինչ չէր առնում: Դա նրան իմ աչքերում առանձնացնում էր բոլորից:
Ես հինգ տարեկան էի:
Մայրս աշխատում էր վարսավիրանոցում, նա լավագույն վարսավիրը չէր, բայց մեր փողոցի բնակիչները նրա մոտ էին կտրում իրենց մազերը: Մորս աշխատավայրը երկու փողոց վերև էր մեր տանից: Նա ավելի շուտ էր դուրս գալիս տանից քան հայրս բացում էր իր կրպակը: Մայրս ինձ տանում էր մանկապարտեզ, և ես ամեն առավոտ քառասուն րոպե սպասում էի պահակի փոքրիկ սենյակում, մինչ կգային մյուսները:
Ես անհամբեր սպասում էի տուն գնալու ժամին, որովհետև ամեն օր այդ ժամին ես տեսնում էի նրան մեր փողոցով անցնելիս, վազում էի ետևից հասնում նրա ոտքերին ու որքան ուժ ունեի գոռում էի ` դու ամենագեղեցիկ մեծ ու չաղ մարդն ես… ես շատ բարձր էի գոռում, որովհետև ինձ թվում էր` ձայնս կկորչի մինչև հասնի նրա մեծ ականջներին: Եվ նա ժպտում էր ու ինձ վրա չէր էլ նայում ` փոխարենը ես տեսնում էի նրա երկար ատամների հավասար շարանը:
Երբ կյանքումս առաջին անգամ ես գազանանոցում իսկական ձի տեսա , հասկացա, թե ինչու էր հայրս նրան ձի անվանում ու սկսեցի անմնացորդ սիրել այդ կենդանուն: Սկսեցի երազել, որ երբ դառնամ մեծ, գեղեցիկ ու չաղ ես անպայման կունենամ իմ ձին:
Հայրս առհասարակ շատ էր խոսում նրա մասին և միայն վատը: Ես չէի հասկանում նրան, մի օր էլ ասաց` <<այդ ձին այնպես է քայլում ասես իր սմբակներով փորձում է ծակել ասֆալտը>> ես այնքան էի բարկացել հորս վրա, որ երազում էի տեսնել նրան <<այդ ձիու սմբակների տակ>> : Բայց բարկությունս անցավ հաջորդ օրը, երբ նորից տեսա նրան:
Հայրս ինձ ամեն օր ժամը չորսին դիմավորում էր մանկապարտեզի մուտքի մոտ,որովհետև մորս աշխատանքն ավարտվում էր յոթին: Իսկ հայրս իր հաճախորդների հետ զրուցելու իր տարբերակն ուներ, ոչինչ առանց հաճախորդների իմացության ` <<Գնացել եմ երեխայի ետևից, կգամ քսան րոպեից>> կամ <<Այսօր հյուրեր ունենք, շուտ եմ փակում, խնդրում եմ ձայն չտալ>>, <<Տիկնոջս հետ թատրոն ենք գնում, կբացեմ ժամը տասին>> կամ <<նորից ճնշումս է , ձայն տալիս կանչեք տիկնոջս յոթից հետո>> և այսպես կյանքի բոլոր առիթների համար: Հորս կրպակը օրվա մեծ մասը փակ էր լինում, և ըստ գրության մարդիկ որոշում էին ձայն տան թե ոչ: Հայրս ասում էր ` <<միևնույնն է նրանց բոլորի մոտ ինչ-որ բան գնելու անհրաժեշտություն է առաջանում, երբ փակում եմ կրպակը>>: Երևի իրավացի էր:
Իսկ նա շարունակում էր քայլել աղմուկով խրելով իր երկար ոտքերը ասֆալտի մեջ, և բոլորը սպասում էին` շատ հեռանա, որպեսզի հանգիստ փսփսան նրա ետևից, որ նրա մեծ ականջներին հանկարծ չհասնի:
Այդ առավոտ, երբ մայրս ինձ տարավ մանկապարտեզ և թողեց պահակի մոտ ես տեսա նրան մանկապարտեզի ցանկապատից այն կողմ հավանաբար վաղ եկած ծնողների համար նախատեսված նստարանին նստած: Վազեցի նրա մոտ կանգնեցի դիմացը ` հազիվ հասնելով նրա ծնկներին ու որքան ուժ ունեի գոռացի ` դու աշխարհի ամենագեղեցիկ, մեծ ու չաղ մարդն ես: Ես այնքան բարձր գոռացի, որ թվաց, թե կխլանամ: Նա նայեց ներքև ու ես կյանքումս միակ անգամ տեսա նրա մեծ ատամների հավասար շարանն ինձ այդքան մոտ: Ես միայն այդ ժամանակ զգացի այդ ժպիտից եկող ջերմությունը ու լույսը: Բայց նա ոչինչ չասաց: Ես նորից գոռացի ` բարևևևևևևև… նա ավելի լայն ժպտաց… ես երջանիկ էի…
սիրտս թռթռում էր այնպես, ինչպես թրթռաց, երբ առաջին անգամ տեսա իսկական ձի գազանանոցում:
Ես գոռացի կրկին`իսկ դու ձի ունե՞ս… նա նորից չպատասխանեց… բայց այս անգամ նա իր հսկա մատը տարավ դեպի իր հսկա ականջը հետո մյուս ձեռքը մոտեցրեց բարձրացրած ձեռքին ու խաչեց: Ես անմիջապես հասկացա` այդ շարժումը նշանակում էր, որ նա ոչինչ չի լսում: Ինձ թվաց, թե ձայնս չի հասնում նրան, բայց նա հանեց նոթատետրը, որի բոլոր էջերը գրոտած էին: Նա ազատ էջ գտավ և ինչ-որ բան գրեց:
-Ես կարդալ չգիտեեեեմ,- գոռացի ես` այս անգամ թափահարելով երկու ձեռքերս…
Նա ժպտաց, նկարեց մեծ ականջ ու խաչ քաշեց դրա վրա: Ես մի քանի րոպե նայեցի նրա նկարած ականջին. ուզում էի ուրիշ իմաստ գտնել , բայց անզորությունից ուղղակի լաց եղա: Նա խուլ էր: Ես վերցրեցի նրա նոթատետրը ու նկարեցի մեծ, չաղ ու շատ գեղեցիկ մի մարդ, որը ժպտում էր աշխարհի ամենագեղեցիկ ժպիտով: Նա ավելի գեղեցիկ ժպտած: Քառասուն րոպե շարունակ ես և նա զրուցեցինք նկարների միջոցով, և ես խոստացա ինքս ինձ և նրան, թեև նա դեռ դա չգիտի, որ շատ շուտ գրել կսովորեմ, որպեսզի նաև այդպես զրուցեմ նրա հետ: Այդ օրը նրա նոթատետրում էլ ազատ էջ չէր մնացել:
Երեկոյան, երբ հայրս կրպակի դռնից կախել էր ` <<անկանխատեսելի գործեր առաջացան` ձայն տվեք, եթե շատ շտապ է>> ցուցանակը, և աղմկող հեռուստացույցի առաջ անուշադիր նստել, ես խնդրեցի նրան մի թղթի վրա գրել ինձ համար` <<դու աշխարհի ամենագեղեցիկ, մեծ ու չաղ մարդն ես>>… հայրս զարմացավ, բայց գրեց: Ես հանեցի իմ գանձերի արկղը մահճկալիս տակից, միջից վերցրի արդեն կես տարի խնամքով պահած փոքրիկ նոթատետրը, գրությամբ թուղթը դրեցի դրա մեջ և վազեցի նրա տան մոտ: Նվերս թողեցի նրա դռան դիմաց ու ետ փախա տուն:
Ես հինգ տարեկան էի: Ինձ դեռ երկու տարի էր տրված տեսնել նրան ամեն օր և մեկ-մեկ նկարներով զրուցել նրա հետ: Երկու տարի անց նա այլևս դուրս չեկավ իր` աշխարհի ամենագեղեցիկ, մեծ ու չաղ տան միջից:
Երևի նա է պատճառը, որ մանկությունիցս տպավորվել է իմ մեջ միայն այն ժամանակը, երբ ես հինգ տարեկան էի, երբ նրան ոչ ոք գեղեցիկ չէր համարում` իսկ ես երազում էի լինել նրա նման մեծ, գեղեցիկ ու չաղ…
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий