Ծնողներս հանդիպել են Մոնրեալի համալսարանում: Այն ժամանակ նրանք շատ երիտասարդ էին և հաճախում էին նույն դասախոսություններին, և որ ամենակարևորն է տառապում էին միևնույն բարդույթներով:
16 տարեկանում հորս հասակը 1 մետր 84սմ էր, մայրիկինս` մի քիչ պակաս: Այսպիսի յուրահատկությունը երկուսին էլ հրահրում է մի տեսակ առանձնանալ հասակակիցների ընկերախմբից: Նրանց զույգը կազմվեց այսպես ասած` բնական ճանապարհով:
Թեև մայրիկիս հասակը զգալի բարձր էր, բայց դա նրան չէր խանգարում ուրախ և անմիջական աղջիկ լինել:
Հայրս բարի մարդ էր: Շուտով նա դառնում է համալսարանի բասկետբոլի թմի խաղացող: Նրա բարձր հասակը, բնականաբար, շատ էր օգնում գնդակը ցանց նետել:
Սակայն բողոքները սպասեցնել չտվեցին: Հորս հասակը չէր դադարում աճել, և հակառակորդ թմի խաղացողները գտնում էին, որ իրադարձությունների այսպիսի ընթացքը արդար խաղ չի կարող ապահովել: Ինչպե՞ս դիմադրել այն խաղացողին, որի համար բավակն է ձեռքը բարձրացնել, որպեսզի գնդակը ցանցը գցի:
Եվ այսպես` ընդունվեց ոչ երկիմաստ խնդրանք` հանել նրան թմի կազմից, ինչն էլ շուտով արվեց:
Քիչ-քիչ ծնողներս դարձան մերժվածներ համալսարանում, իսկ հետո նաև քաղաքում:
Իրենց միայնակ զգալով փոքր մարդկանց քաղաքում` 18 տարեկանում նրանք ամուսնանում են: Շնորհիվ իր ունեցած ոչ մեծ կապիտալի հայրս Մոնրեալի արևելքում գտնվող մի գյուղում գնում է որսորդության և ձկնորսության պարագաների խանութ: Հետո ծնողներս ծայրամասում կառուցում են փոքրիկ տնակ: Այնտեղ նրանք ապրում էին խաղաղ ու երջանիկ:
Սկզբում տեղացիների մոտ նրանք հետաքրքրություն առաջացրին , բայց հետո նրանց ընդունեցին որպես հարևաններ և ընկերներ:
Ես ծնվեցի նրանց այնտեղ տեղափոխվելուց մեկ տարի անց: Բոլորը զարմանքով ընդունեցին, որ ես ի տարբերություն ծնողներիս կունենամ ամենասովորական հասակ:
Հայրությունը ծնողիս դարձրեց քնքուշ, իր երեխայի քմահաճույքներով ապրող հայր:
Նա անըդհատ զբաղվում էր ինձ հետ և նշանակություն էր տալիս իմ անգամ ամենափոքրիկ շարժմանը: Գիշերները արթնանում էր, որպեսզի ստուգի` արդյոք ամեն ինչ լավ է:
Նա ժամերով նայում էր ինձ, սպասելով, թե երբ կարթնանամ , որպեսզի նորից ինձ հետ ժամանակ անցկացնի : Հիշում եմ, որ նա ինձ թվում էր հսկայական լոբի, որի գագաթը հազիվ էր երևում: 21 տարեկանում հորս հասակը դեռ աճում էր և հասել էր 2 մետր 6սմ: Ստիպված եղան 2 անգամ փոխել ծնողներիս մահճակալը, որը առանց այդ էլ սովորականից բավական երկար էր:
Իսկ ես աճում էի դանդաղ: Երբ սովորեցի քայլել, հայրս, որը շատ էր սիրում զբոսնել ինձ հետ, ստիպված էր լինում կիսով չափ կռանալ, որպեսզի բռնի ձեռքս:
Երբ նա ինձ թռցնում էր իր ձեռքերի վրա , ես միշտ վախենում էի կպչել ամպերին և մնալ այդպես կախված:
Հայրս ամեմենաքնքուշ և ամենանուրբ մարդն էր, որ կարելի է երբևէ պատկերացնել: Նա սիրո մարմնացումն էր: Ես երբևէ չեմ հանդիպել ավելի հոգատար մեկի:
Անչափ ուշադիր էր մորս նկատմամբ: Բացի այդ նա միշտ պատրաստ էր օգնել հարևաններին, ում նայում էր վերևից ներքև, բայց ոչ երբեք բարձրից:
Հարևանների երեխաները սկզբում կարկամում էին, բայց ի վերջո այնքան սիրեցին նրան, որ ես երբեմն խանդում էի:Նրանք շատ էին սիրում խաղալ հորս հետ:
Անցնում էին տարիներ, իսկ հորս հասակը անընդհատ աճում էր, թվում էր` նա պետք է միշտ հասակ առնի: Մահճակալից հետո ծնողներս ստիպված էին մեծացնել դռները, բարձրացնել տանիքը, վաճառել մեքենան և փոխարենը գնել մեկ ուրիշը` բարձրացվող տանիքով: Հայրս և մայրս այս ամենին մոտենում էին փիլիսոփայորեն և հումորով:
Բոլոր բժիշկները, ում դիմում էին ծնողներս, շփոթվում էին կասկածանքների մեջ:
Միացյալ Նահանգներից անվանի պրոֆեսորներ էին գալիս, որպեսզի հետազոտեն հորս ֆենոմենը: Բժշկական ամսագրերում տպագրվում էին բազմաթիվ հոդվածներ այս դեպքի մասին: Անգամ կրկեսի տնօրեններից հետաքրքիր առաջարկներ էին լինում: Իսկ հայրս դառնում էր ավելի ու ավելի բարձրահասակ:
Երբ ես համալսարան ընդունվելու տարիքում էի , սկսեցի հրաժարվել նրա հետ քայլելուց: Ես ամաչում էի լինել տոնավաճառային հրաշքի որդին և նախընտրում էի ձևացնել, թե նրա հետ ընդհանուր ոչինչ չունեմ: Մտահոգված լինելով նրա վրա սևեռված հայացքներից` ես չէի նկատում այն տխրությունը, որը կամաց-կամաց հաստատվում էր նրա աչքերում: Այդուհետ ինձ համար ամենակարևորը աննկատ դառնալն էր: Ես չէի ուզում, որ ինձ նրա կողքին տեսնեն: Ես բացի նրա հասակից ուրիշ ոչինչ չէի նկատում նրա մեջ:
Իսկ հայրս քիչ-քիչ կորցնում էր իր ինքնավստահությունը: Նա ավելի շատ ժամանակ էր անցկացնում իր արհեստանոցում փակված ` ձկնորսական կարթեր սարքելով: Նրա առողջությունը գնալով վատանում էր: Բժիշկները միաձայն միևնույն ախտորոշումն էին տալիս ` հսկաները երբեք չեն ապրում մինչ ծերություն: Եվ եկավ այն օրը, երբ հայրս գամվեց անկողնուն և էլ երբեք վեր չկացավ:
Միայն այդ ժամանակ ես հասկացա, թե ինչ ցավ եմ պատճառել նրան: Եվ առաջին անգամ գիտակցեցի այն մեծ սիրո չափը, որ նա պարգևում էր ինձ ամեն օր: Ես զղջում էի:
Օրեր էի անցկացնում նրա անկողնու մոտ, օգնում էի ուտել, խմել, ինչպես ինքն էր դա անում, երբ ես փոքր էի: Ես թերթ էի կարդում նրա համար, պատմում էի գյուղի վերջին բամբասանքները: Հաճախ ես պարզապես նստում էի և նայում նրան` բռնելով ձեռքը:
Ես բացահայտում էի մեծագույն սերը, որը երբևէ պետք է իմանայի: Բայց արդեն ուշ էր: Երբ ես մտահոգվում էի մյուսների հայցքներով, հայրս սպասում էր միայն մի հայացքի` իմ հայացքին:
Մի գարնանային առավոտ նա մահացավ ` առանց որևէ բառ ասելու և առանց հայացքը ինձանից հեռացնելու:
Նրան թաղեցին փոքրիկ գյուղական գերեզմանատանը` մեր տանից ոչ հեռու:
Ես հաճախ եմ գալիս նստելու երկար գերեզմանաքարի մոտ, որի տակ հավերժ ննջում է այն մարդը, ով ինձ նվիրեց նույնքան մեծ սեր, որքան ինքն էր ` <<Այդ հերոսը, այդքան քնքուշ հայացքով>>:
Թարգմանեց Անի Մաղաքյանը
Комментариев нет:
Отправить комментарий