Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

суббота, 19 февраля 2011 г.

…Ձեր անավարտ վերադարձների և անսկիզբ բաժանումների պատասխանը…

…Ծորակից ջուրը կաթ-կաթ` ուղեղիս վրա… Ալարում եմ փակել… Ինչպես ալարում եմ սիրել քեզ այն օրերին, երբ անցած գնացած մի քանի ուրվական այցելում են հիվանդիս ` վերջնական տապալելու համար…

Շունս փռվել է դռան առաջ ու սպասում է… նա վաղուց տապալված է բոլոր տեսակ ուրվականների կողմից և հիմա ակվարիումի պատերի սառնությանը համակերպված ձկան հնազանդությամբ` նա երկարում է դունչը դեպի կողպեքը . սպասում է…

Նա դեռ չգիտի, որ չես գալու, թեև տագնապ է զգում ինչ-որ 21-րդ զգայարանով, որից զուրկ են եղել անգամ միլիոն տարի առաջ նախաշները…

Իսկ ես ալարում եմ մոռանալ քեզ, որովհետև ալարում եմ մտածել մեկ այլ բանի մասին, որ գուցե ավելի քիչ ջանքեր պահանջեր ուղեղիցս… Ես մոռանում եմ դիմագծերդ և սկսում եմ վախենալ, որ անցած գնացած ուրվականների թիվը մեկով էլ կավելանա…

<<Այս անգամ կպարտվեմ հաստատ>>:

Շունս լալիս է, թեև մի հեռու օր ինչ-որ մեկը ասել է, թե կենդանիները բնազդակիր մարմիններ են` զուրկ բանականությունից… Նա լալիս է մի քիչ, հետո ուժասպառ քնում շեմքին պառկած… Եվ թեև ես պահում եմ նրան մարմնական` 13 և հոգևոր 230 երկար տարիներ, բայց նա ինձ համար երբեք այդքան չի տխրել…

Եվ դա լավ է… լավ է այնքան, որքան հեռանալդ…

Եվ հավատալով կենդանիների հիշողություն չունենալու մասին տեսությանը` հավատում եմ նաև, որ մի օր շունս էլ կմոռանա քեզ ու քայլերդ` ամեն անգամ մթության մեջ լսվող:

Դու գալիս ես նորից, մոտենում դռանս, փորձում ես հաղթել ինքդ քեզ ու ներս մտնել, ես լսում եմ քայլերդ, մոտենում եմ դռանն ու լսում շնչառությունդ: Ձեռքերս դողում են կողպեքի մոտ . միայն մի թակոց, ու ես կբացեմ դուռն առանց երկմտելու, առանց ներման ու առանց մեղքի, առանց ավելորդ բառերի ու բացատրությունների: Դու կանգնում ես շեմքին հետո նստում ես աստիճաններին ու սպասում, թե պատահաբար կբացեմ դուռը գիշերվա 4-ին աղբ թափելու համար, կամ դուրս կգամ տանից շուրջօրյա խանութից սուրճ գնելու ու կտեսնեմ քեզ , այդպես խեղճ ու պարտված, այդպես հուսամերկ ու անմեղք… կտեսնեմ ու կներեմ… Բայց երկար չենք մնում այդպես, ես լսում եմ հեռացող ոտնաձայներդ ու քնում շեմքին պառկած… Առավոտյան արթնանում եմ նորից, ինչպես արդեն 2 տասնյակ տարի արթնանում եմ նույն կերպ…

Իսկ խոհանոցում ջուրը կաթ-կաթ… ալարում եմ փակել, ինչպես ալարում եմ սիրել քեզ, երբ խնամում եմ ծեր շանս…

Օրեր առաջ դու իմն էիր, իմ հավատարիմն ` ավելի հավատարիմ քան մարմնական 13 և հոգևոր 230 երկար միայնության տարիներիս տունս շնչով լցնող շունս…

Բայց հեշտ է քանդել այն ամենն, ինչն ինքդ չես կառուցել… ու քանդեցիր, թեև հավատում եմ , որ չուզելով, ակամա … Բայց ով կկառուցի նորից և ես էլ թևեր չունեմ, իսկ դու երբեք էլ կառուցել չես իմացել…

Իսկ գիշերը նորից դու գալու ես ինձ մոտ ու դռան հետևից լսելու ես շունչս…

Ես ներել եմ քեզ, դու ինքդ էլ գիտես, որ չներելով ապրելն ավելի դժվար է, քան չներված ապրելը, բայց մոռանալ չեմ կարողանում: Ասում են` շունս հիշողություն չունի… բա էլ ինչու՞ է տխրում … Շատ եմ ուզում մոռանալ, թեև միլիոնավոր մարդիկ աշխարում սկլերոզի դեմ են բուժվում, իսկ ես շարունակ մոռանում եմ…

Մոռանում եմ կյանքս, մոռանում եմ քեզ, մոռանում եմ այն ամենն ինչ հիշողություն է հիշեցնում… Ես հուշերով վաղուց չեմ ապրում, ապրում եմ զգացողություններով, այնպես որ, եթե դավաճանությունն էլ մոռանամ, վիրավորանքը մնալու է…

Եվ թեև արդեն ծորակից ջուր չի կաթում, բայց լսողությունս դեռ արձագանքում է ` կաթ-կաթ … Իմ թույլ ու հիվանդ լսողությունը արձագանքներ է գտել… Իսկ շու՞նս… Չէ որ նրա լսողությունը տասնյակ անգամներ ավելի ուժեղ է քան իմը… խեղճ իմ շուն…

Նա սպասում է քեզ` հավատարիմ ինչպես երբեք, տխուր ինչպես ոչ ոքի համար… Նա ունի լավ լսողություն և զուրկ է հիշողությունից, ես նրան եմ տալիս իմ բոլոր հիշողությունները, որ չտապալվեմ նորից… Իսկ նա ուժեղ է, կդիմանա…

Ծորակից ջուրը` կաթ-կաթ … Ալարում եմ փակել, ինչպես ալարում եմ սիրել քեզ այն օրերին, երբ անցած գնացած դավաճաններ փորձում են հիշեցնել ինձ, որ էլ չես լինելու… Հավատալը դժվար չէ, չհավատալն է հեշտ… Իսկ ես վախենում եմ անհավատներից ու ինձանից…

Կյանքս ջուր է այսօր…

Դու նայում էիր շանս ու ասում ` տեսնես ինչ է մտածում հիմա… Հետո նայում էիր ինձ ու քեզ թվում էր, թե հասկանում ես այն ամենն ինչ մտածում եմ, որովհետև խոսել գիտեմ… Իսկ ես իրականում միայն մլավել եմ անուժ, ես չեմ խոսել երբեք…

Դու գալիս ես նորից… և <<շարունակելի >>- ն կպած քո ետևից էլի անավարտ է թողնում պատմությունս …

Անի Մաղաքյան

Комментариев нет:

Отправить комментарий