Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

пятница, 18 февраля 2011 г.

Պարտքերի մարում


Հարևանուհուս համար այսօր էլի հարբած երեկո է, հետո հարբած կեսգիշեր ու… <<բարև, լուսաբաց ու գլխացավ>>: Նա էլի շատ հյուրեր ունի: Աղմկում են, երգում… Դա բարի է, ես այսօր էլի նախանձում եմ նրան իմ տան լռության միջից և նախանձում եմ ամենաչար նախանձով, որով կարելի է նախանձել: Նրան երգում են, հետո <<զելենա>> են խաղում ու էլի նման հաճելի հիմարությունն, բայց նա ինչու՞ չի մտահոգվում, թե ինչ կմտածեմ ես իր մասին…

Նա պարզապես գրողի ծոցն է ուղարկել բոլոր նրանց, ովքեր իրենց ժամանակն ու մտավոր հնարավորությունները վատնում են իր մասին կարծիք կազմելու վրա: Իսկ դու, հարազատս, այսօր ասացիր.

-Բակում մի երկուսը տեսան, որ նա ինձ տուն ճանապարհեց:

-Հետո՞ ինչ:

-Բա ի՞նչ կմտածեն…

-Դու նրանց փոխարեն արդեն մտածում ես, դա էլ բավական է…

Ազատիր քեզ դրանցից, եթե մենակ գայիր, պիտի մտածեին, որ մենակ ես ու դրա մեջ լիքը վատ բաներ կգտնեին, որովհետև փնտրողը միշտ գտնում է, մանավանդ վատը փնտրողը…

Ես այսօր, այստեղ իմաստնանում եմ քեզ հետ, որովհետև խորհուրդներ տալու առիթ կա:

Խորհուրդներ, որոնք ինձ էլ են պետք, բայց ինքս ինձ չեմ կարողանում համոզել: Գիտե՞ս, ջանս,կան երևույթներ, որոնց չի կարելի պիտակներ փակցնել և կան <<երեկույթներ>>, որոնց չի կարելի <<քո դիրքը դիր>> տողով շապիկ հագել: Սա ` հենց էնպես… ուղղակի մարդիկ տարբեր են, և յուրաքանչյուրը տարօրինակ է յուրովի: Ո՞վ է ասել, որ բոլորը պետք է հարգեն ինձ: Գուցե շատերն են իրենց դատարկ օրերի մեջ ինձ գրողի ծոցն ուղարկել. Դրանով եմ երբեմն բացատրում կյանքիս որոշ իրադարձությունները, գուցե մի օր էլ մեկը քեզ է գրողի ծոցն ուղարկել և դրա համար է, որ իմ կողքին ես արդեն երկար տարիներ և 3 տարի` անմիջականորեն: Բայց , սիրելիս, սրտիտ հոգ մի արա այն, որ ես մի քիչ հուսալքված եմ, երբեմն` մի քիչ խելառ, մեկ-մեկ` խելոք մանուկ, մեկ-մեկ հասուն խորհրդատու, մեկ-մեկ էլ ` պարզապես տխուր խեղկատակ, որովհետև ես, ինքդ էլ գիտես, կատվի պես անկախ եմ և շան պես հավատարիմ. Դրանից է, որ անհաշտ եմ իմ մեջ:

Քո անբիծ մաքուր անվան կողքին, իմ անունը գուցե լինի մի օր մրոտ ու թույլ, գուցե հնչի որպես թունդ հայհոյանք կամ անարգի գոյությունդ… Գուցե լինի և գուցե` ոչ…

Ի՞նչ է այսօր անունը… ի՞նչ է անունն ընդհանրապես երջանկության դեմ…

Գիտես, անուշս, երբեմն անհեթեթ հարցեր ես տալիս, և ամենից վատն այն է, որ մտածված պատասխանի ես սպասում:

-Ոտե՞ղ էիր…

-Ընթերցասրահում…

-Մինչև 4-ը ըթերցասրահում ի՞նչ էիր անում…

Ինչ կարելի է անել մի սենյակում, որտեղ ամենուրեք գրքեր են ու տհաճ խոնավահոտ և որտեղ մի նեխած պառավ է նստում և հետևում, որ չխոսենս, և անգամ ասում է, թե աչքերից ինչ հեռավորության վրա պահես գիրքը… Եթե այնտեղ կարելի լիներ խոսել, ես այդ պառավին գուցե գրողի ծոցն էլ ուղարկեի, բայց չէ… միայն ոչ գրողի ծոցը. Մեկ էլ տեսար էլի ինձ մոտ վերադարձավ…

Հիմա հասկանու՞մ ես, որ այդ հիվանդ սենյակում միայն հիվանդ գրքեր են կարդում, այնտեղ նույնիսկ երգել չի կարելի, իսկ ես այնքան եմ սիրում երգել…

Այնքան, որ ամենաչար նախանձով եմ նախանձում մեր հարևանին, իսկ մենք հյուրեր հազվադեպ ենք ունենում…

Մենք սիրում ենք հյուրեր, բայց չգիտես ինչու, հազվադեպ ենք դրանից ունենում…

Եվ դա ավելի վատ չէ՞ , քան հանրակացարանը…

Ես սկսեցի դժվարանալ ապրել, երբ հասկացա, թե մեկ օրվա ընթացքում որքան բան կարելի է անել… իսկ ես 20 տարի ապրել եմ իմ օրերի կեսը միայն, բայց ո՞վ ետ կտա ինձ իմ կորցրածը, գուցե նրա՞նք, ովքեր ժամանակ ու ջանք չեն խնայում իմ մասին կարծիք կազմելու… Դու կասես` դա լավ է…

Գիտեմ` ինչու. <<Մի ուզող տղա կգա, բակում ինձնից կհարցնի, կասեն, որ խելոք երեխա եմ. Տնից` դասի, դասից` տուն…>>… Եվ մի՞թե դրա համար 20 տարի ապրել… 20 տարվա կյանք, որ 20 տարվա մահվան դեպքում անգամ հանգուցյալի անունն եմ մոռանում…

Ախր, հարազատս, դու ինձնից էլ լավ գիտես, թե որքան վատ է կարծիքների գերին դառնալ, չէ՞ որ գիտես…

Ես պլանավորում եմ ևս երկու 20 տարի ապրել, բայց միթե այսպես…

Գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր իրենց անարժան են համարում քեզ հետ շփվել: Մի օր մեկն ասաց.

-Դու անլուրջ աղջկա տպավորություն ես թողնում…

-Ինչու՞:

-Որովհետև միշտ ժպտում ես:

-Բայց ինչպե՞ս կարելի է քեզ լուրջ վերաբերվել,- դարձյալ ժպտալով ասացի ես, իսկ վերջում նրա փոշմանած հայացքը տեսնելուց հետո լիաթոք ծիծաղեցի:

Տեսնու՞մ ես, թանկագինս, նա երբեք չի իմացել, որ իրեն կարող է մի գեղեցիկ աղջիկ պարզապես ժպտալ և դրանից է, որ այդպիսի կարծիք է կազմել, բայց դա նրա խնդիրն է, որովհետև ես ժամանակ չունեմ, որ նրան ինչ-որ բաներ բացատրեմ. Առանց նրա էլ շատ ժամանակ եմ վատնել պարապ բաների վրա…

Իմ լավ, ես ամեն գիշեր նստում եմ իմ գրասեղանի առաջ և առաջին անգամն է, որ քո մասին եմ գրում ու ամեն գիշեր լսում եմ քո հանդարտ շնչառությունը, երբ քնած ես: Մեկ-մեկ քունդ անհանգիստ է լինում, և դու վեր ես թռչում ու վախեցած շուրջդ նայում, և ես հանգստացնում եմ քեզ` ակամա դառնալով քո երազների հսկողը: Գիտեմ, որ ավելի շատ մայրիկիդ կարիքն ունես, ոչ թե իմ, և ես էլ այսօր նրա կարիքն ունեմ, թեև <<ուժեղ եմ>> ու <<անկախ կատու>>, այդ քողի տակ դուք էլ եք մոռանում, որ նաև հավատարիմ շուն եմ ու խեղճ խեղկատակ: Դու թեև ինձանից էլ մեծ ես, բայց ինքնուրույն անգամ լողանալ չես կարողանում, որոբհետև սիորւմ ես , երբ քեզ մայրիկդ է լողացնում, իսկ ես ներշնչել եմ ինձ, թե իմ ձեռքերն ավելի ջերմ են, քան… Բայց դա ուժեղ լինելու համար է: Թվացյալ ուժեղ, իսկ ներքուստ մերկ ու անբովանդակ:

Ես ապրում եմ պարտավորված, իմ օրերի պարտքն եմ մարում հին ու մաշված բազմոցին անկապ ընկած:

Էլի դու աշխատանքից հոգնած կգաս, իսկ ես անգամ ձվածեղ չեմ պատրաստել…

Մի օր անբիծ ու մաքուր քո անունի կողքին գուցե լինի իմ անունը` մրոտ ու թույլ: Գուցե լինի և գուցե` ոչ …

Անի Մաղաքյան

Комментариев нет:

Отправить комментарий