Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

пятница, 18 февраля 2011 г.

Եվ ընդամենը


… Եվ մի օր էլ ինձ կդաջեք ձեր շապիկներին և կհագնեք իմ դեմքը. Երևի գունատ, կամ սև…

Ում ինչ, թե հին էր ապրածս, թե չկար ոչինչ մեզ միավորող .բայց ես պայքարից հոգնել չգիտեմ ու պարտվեցի, ինչպես բոլոր նրանք, ովքեր շատ են ուզում հաղթել…

Ձեռքերիս նայիր. Դրանցից ավելի հետաքրքիր բան երևի չկա…

Ախր, չգիտեինք, չհասկացանք այդպես էլ, որ հին էր մեր ապրածը, մեզ միավորող ոչինչ չկար…

Այս նույն ճակատագիրն էր` կրկնեց նաև միլիոն տարի հետո մեր իբր թոռը… Նա կրկնել էր սա ժամանակից շուտ ու չէր իմացել մեր գոյությունը… մենք երազում ենք մեր թոռան մասին, իսկ նա ինչ-որ տեղ մեզ երազում է տեսնում ու հավատում, որ իր նախատատն ու նախաեսիմովն իր պահապան հրեշտակներն են:

Միշտ էլ ելք կա, իմ դեպքում դրանք մի քանիսն էին ու մեկը մյուսից ախմախ, մեկը մյուսից սխալ…

Դուք կռիվ արեք, ես կդիմանամ… նեղացրեք իրար, և թող ձեզ թվա, թե ուրախ եմ ես ու հաշտվեք նորից ի հեճուկս ինձ. Ինչ տարբերություն, իմ մեջ է հիմա ձեր նախատատը:

Հրեշտակություն արա իմ գլխին ու թափահարիր թևերդ ծեր. Ես էլ չեմ կարող ինքս որոշել, թե ուր եմ գնում և ուր եմ տանում իմ այն թոռնիկին, որ ինչ-որ մի տեղ հիմա ապրում է ու տեսնում է ինձ իր երազներում…

Ես մեղավոր եմ երևի հիմա…

Ու ես կվառեմ իմ նկարները, որ հիշողություն չդառնամ էլի…

Բայց միևնույնն է, մի օր էլ ինձ կդաջեք ձեր շապիկներին ու կհագնեք դեմքը իմ, երևի գունատ կամ սև, տխուր կամ ուրախ… Ու մի հավատա, երբ ասում եմ, թե քո նամակներն ինձ պետք չեն եղել… հիմա էլ են պետք …

-Այ ցնդած, այ գիժ… ու՞ր ես, ի՞նչ եղար…

Թող տանեն այսօր իմ ձեռագիրը ու նվիրեն ում որ ցանկանան, ես գիտեմ հաստատ` մի օր այն ծնվեց իմ թոռնիկների հետ միլիոն, գուցե ավելի շատ տարիներ հետո…

Իմ փախուստը էլ ելք չթողեց…

Բայց ամեն ինչ այլ կերպ կարող էր լինել… Ասենք` կարող էի անգիտակից լինել և ընդունել այն, ինչ դու սեր էիր անվանում… Դու կարող էիր անգիտակից լինել և ընդունել այն, ինչ ես երջանկություն էի անվանում և մեզ կնախանձեին բոլորը և կերազեին մեր կյանքը և կփորձեին նմանվել մեզ, և մենք կապրեինք ` այսպես անջատված, այսպես անտեղյակ սիրուն, երջանկությանն, անհաղորդ` մեր ճակատագրերին, որ մի տեղ առանց մեզ են մնացել…

Ու մենք կապրեինք առանց մտքերի, էշ-էշ կապրեինք ու կծամեինք համբերության անվերջանալի ու դառը հարդը…

… Ու անառագաստ, անղեկ… մի խոսքով, մի խարխուլ լաստ էր մեզ բաժին ընկել, ու՞մ էր պետք, ասա , մեր միությունը. Միայն ինձ ու քեզ, մյուսների համար բեռ ենք երևի…

Եվ պարսպապատ իմ մենակության ամեն անկյունում մամուռ է աճում…

-Իմ ցնդած, իմ գիժ ու՞ր ես, ի՞նչ եղար…

…Ու պաստառապատ հիմար քաղաքի ստվերների մեջ ես կթաքցնեմ իմ գողացածը` այն , ինչ ստացվեց ձեռք գցել մի օր… ես կթաքցնեմ միայն մի մաքուր, չեղծված մի ՊԱՏ… Եվ ընդամենը…

Անի Մաղաքյան

Комментариев нет:

Отправить комментарий