Բանալին մտցրեց կողպեքի մեջ, 2 անգամ պտտեց, ու դուռը ճռռոցով բացվեց: Ոտքերն ալարեց
սրբել ու հոգնած քայլերով հասավ բազկաթոռին: Փռվեց մեջը, իսկ պայուսակը նետվեց մի կողմ:
Այսօր էլ Անուշիկը տրամադրություն չունի: Նա, մարմինը գրեթե չշարժելով, ձեռքը երկարացնում
է, վերցնում հեռակառավարման վահանակը ու կատարում իր սիրելի աշխատանքը` մեխանիկորեն
փոխում ալիքները:
Պարապությունն ասում է իրենը, ու Անուշիկը որոշում է զանգել ինչ-որ մեկին: << Կապ չունի`
ում կզանգեմ, միայն թե մի կես ժամ խոսեմ հետը… >>:
Զանգեց ընկերուհուն: Զրուցում էին սրանից-նրանից: Անուշիկը ձգձգում էր խոսակցությունը.
պատմում, թե ում է տեսել, ինչ է խոսել… Մի խոսքով, պատմում էր այն ամենը, ինչը նույնիսկ
իրեն հետաքրքիր չէր: Խոսակցությունը դադարեց, երբ Անուշիկը թակոց լսեց:
_ Քեզ հետո կզանգեմ,- ասաց ու կախեց լսափողը:
Մոտեցավ, թաթերի վրա կանգնեց, որ կարողանա նայել դռան անցքից: Սիրտը սկսեց ավելի արագ
խփել: << Չեմ բացի, թող մտածի, թե տանը չեմ: Չգիտեմ… գնացել եմ խանութ, այգի… Կամ էլ
քնած եմ ու չեմ լսել թակոցը…>>:
Բացեց դուռը: Այն տղան էր, ում մասին պատմելիս ասում էր` մի ծանոթ ունեմ, որ…
Առանց որևէ խոսքի Արտակը ներս մտավ: Հայելու մոտով անցնելիս ուղղեց մազերն ու նստեց:
_ Մենակ ես?
_ Հա
_ Ձերոնք շուտ են գալու?
_ Մինչև գալը կհասցնես գնալ…
Լռություն էր ու ասելու ոչինչ չկար:
_ Լավ ես?
<< Ինքդ էլ գիտես… Զզվում եմ ձևականություններից` լավ ես? Հա լավ եմ: Հիմա էլ եմ լավ,
վաղն էլ եմ լավ լինելու, և, ընդհանրապես, միշտ էլ լավ եմ լինելու…>>,- մտածեց Անուշիկը ու
միայն ուսերը շարժեց:
_ Ջուր կտաս?
<< Տեղը գիտես` գնա ու խմիր… Երևի սուրճից էլ չէիր հրաժարվի, չէ?>>
_ Հիմա կբերեմ:
Ծորակը մի քանի րոպե բաց թողեց… << Էնպիսի սառը ջուր տամ, որ խմես ու… բկիդ
կանգնի… Խոզերով բաժակը կվերցնեմ: Թող իրեն տեսնի բաժակի վրա>>:
_ Վերցրու,- սառը անտարբերությամբ պարզեց ձեռքը: Ջրի մնացորդներն էլ ցուցադրաբար
մաքրեց ու նստեց:
Ու նորից լռություն: Արտակը կոնֆետ վերցրեց, դանդաղ ու ճռճռացնելով բացեց: Հետո թուղթը
ծալծլեց: Իսկ կոնֆետը բերանը չդրած` դեմքը ծամածռեց ու միանգամից կուլ տվեց:
<< Չէիր սիրում էդ կոնֆետը, չուտեիր… Ոչ ոք չէր ստիպում: Լավ, գոնե մի բառ ասա,
խոսիր… Ինչու ես եկել? Չնայած…>>:
_ Ան, գիտես… ես…
_ Դժվար թե իմանամ… Դու` ինչ?
_ Դե… ոնց ասեմ?
_ Բառերով ասա, ես կհասկանամ…
_ Ան, ես…
_ Երևի սուրճ ես ուզում, հա…?
_Չէ…
_ Ոչինչ, դու մտքերդ հավաքիր, ես սուրճը դնեմ, գամ:
<< Ինչի էսպես խոսեցի? Հանգիստ մնայի, էլի… Էս սուրճն ինչ է… Ավելորդ գործ բացեցի ինձ
համար… Վերջ. գնում եմ սենյակ ու լուռ լսում, թե ինչ է ասելու>>:
_ Դու սուրճը դառն էիր խմում, չէ?
<< Իբր թե չգիտեմ, որ դառը սուրճ չի սիրում…>>
_ Հա, դառն եմ խմում: Ճիշտ էլ հիշում ես:
Նորից լռություն:
_ Ինչ-որ բան էիր ասում, կիսատ մնաց…
_ Մոռացա…
_ Սպասիր` հիշեցնեմ. բան էիր ասում, որը ես չգիտեմ, բայց պետք է անպայման իմանամ…
_ Չեմ հիշում…
<< Չեմ հիշում… թե չես ուզում հիշել? Փչացրի ամեն ինչ… Հազիվ եկել էր… Ուրեմն ամեն
ինչ չի, որ վերջացած է…>>:
Զանգեց Արտակի հեռախոսը: Չպատասխանեց: Երկրորդ, երրորդ անգամ զանգեց…
_ Չեմ վերցնում, ուրեմն հարմար չի…,- ինքն իրեն կիսաձայն ասեց Արտակը ու մատներով
բռնեց հեռախոսը` փորձելով ձայնը մեղմացնել:
_ Եթե կարևոր զանգ էր, կարող եմ դուրս գալ սենյակից, որ հանգիստ խոսես…
_ Չէ, հիմա ուրիշ բան է կարևոր,- ասաց Արտակը ու առաջ եկավ` արմունկներով հենվելով
սեղանին,- իսկ ձեր տունը չի փոխվել:
_ Փեխարենն այստեղ ապրողներն են փոխվել…
_ Դու նույնն ես մնացել…,- Անուշիկի աչքերի մեջ նայելով ասաց Արտակը:
Անուշիկը աչքերը փախցրեց ու ժպտաց: << Նույնն ես մնացել… Ծիծաղս է գալիս: Դու ինձ
չես ճանաչում: Դու ինչ գիտես` ես ինչպիսին եմ?
…Տեսնես ով էր զանգում? Ինչու չվերցրեց? Ինչու հարմար չէր խոսելը…?>>: Անուշիկը
մտածում էր, առանց նկատելու, որ ձեռքի բաժակը թեքվել է ու միջի սուրճը կաթկթում է շորերի
վրա:
_ Ան, բաժակը…
_ Բաժակը` ինչ? Լավն է, չէ?
_ Չէ… Այսինքն` հա, լավն է, բայց ուղիղ պահիր...
<< Լավ է` չի ասում` կում-կում խմեմ, թե փչելով…>>:
_ Ան, թափում ես սուրճը:
_ Վայ… գոնե շուտ ասեիր… Սպասեցիր ամբողջը թափեի, որ նոր խոսեիր…?
Անուշիկը շրխկոցով բաժակը դրեց սեղանին, շորերը նյարդային շարժումներով ուղղեց ու,
առանց որևէ բառի, դուրս եկավ սենյակից: << Երևի դժվար էր ավելի շուտ զգուշացնելը… Հիմա
մտքում ծիծաղում է... Ինչու չի ծիծաղի, որ…?>>:
_ Իսկ դու, ավելի լավ է առիթից օգտվիր ու զանգերիդ պատասխանիր… Ես լինեի նրա տեղը,
կանհանգստանայի…- կողքի սենյակից բղավեց Անուշիկը:
Արտակը ձևացրեց, թե չի լսել: Ճակատը տրորեց: Հետո վեր կացավ ու սկսեց քայլել… Հատակը
նույն տեղում ճռճռում էր, պատերի ճաքերը կարծես չէր էլ մոռացել… Մի տեսակ տխրեց… Բայց
տխրությունն էլ ծանոթ թվաց Արտակին: Հիշեց, թե ինչպես էր ամիսներ, կամ գուցե տարիներ
առաջ, հիմա դա նրա համար այդքան էլ էական չէր, ծաղրում Անուշիկին, ասելով` մի օր ես ճռճռան
հատակի վրայով քայլելիս ընկնելու ես ձեր տակի հարևանի գլխին… Ու խեղճ Ռազմիկ պապի
տունը կքանդես…
Ռազմիկ պապն արդեն չկա…
_ Ան, Ռազմիկ պապին երբ մահացավ?
_ Մի քանի ամիս առաջ: Նրան ինչու հիշեցիր?
_Պարզապես… Ձեր հատակը նույն տեղում ճռճռում է դեռ…
Անուշիկը ժպտաց: Մի պահ լրջացավ ու, կարծես ուժերը հավաքելով, հարցրեց.
_ Ինչու ես եկել? Ամեն ինչ աստիճանաբար սովորական էր դառնում…
Արտակը չպատասխանեց:
_ Իսկ հիմա? Նորից հինը, նորից անցյալը… Հոգնել եմ…
_ Ան, ես…
_ Մի խոսիր… Թող ես…
Զանգեց Արտակի հեռախոսը:
_Պատասխանիր զանգիդ: Ես չեմ խանգարի:
Անուշիկը դուրս եկավ սենյակից` ճանապարհին սրբելով աչքերը: Ինքն էլ չէր հասկանում` ինչու
է լալիս… Արցունքները խեղդում էին կոկորդը << Ամեն ինչ անցյալ էր… Ես վաղուց արդեն
մոռացել էի… Ինչու եկավ…?>>:
Րեպեներ անց Արտակը մտավ այն սենյակ, որտեղ Անուշիկն էր: Լուռ նստեց կողքին:
_ Այն ժամանակ էլ էիր սիրում այստեղ` գետնին նստել… Մենք միասին կարող էինք ժամերով
նստել ու չխոսել ոչինչից… պարզապես լռել…
Ու նրանք միասին լռեցին… Կողք-կողքի նստած էին ու նայում էին` իրենք էլ չիմանալով` ուր…
Անուշիկի աչքերից դեռ հոսում էին արցունքները ու կաթում կզակից… << Ամեն ինչ անցյալ է…
վերջացած…>>:
Արտակն ու Անուշիկը քարացած նստած էին գետնին` պատին հենված…
…Ու մտածելու կարիք չկար… Ամեն ինչ արդեն մտածված էր…
Ու ոչինիչ արդեն նշանակություն չուներ… Պարզապես նման էր այն օրվան, երբ մենք որերորդ
անգամ լռեցին միասին…
Անի Առաքելյան
Комментариев нет:
Отправить комментарий