…Նախկին տերս կնամոլի մեկն էր, բայց մի տեսնեիր թե ոնց էին կանայք խենթանում նրա համար…մութ սենյակ, իմ սև, շքեղ փայտին շարված էին մոմեր-մոմեր…անթիվ գիշերներ: Տերս ինձ կիսաբաց էր անում ու բարձրաձայն ասում, որ այսպես ավելի ռոմանտիկ է:
Կանանց հետ այդ գինարբուքներից հետո հաճախ ես էի տուժում…
Օրերն անցնում էին ու ես հոգնում էի այդ միօրինակությունից: Ախր այդ հիմարը գիտեր ընդամենը երկու ստեղծագործություն: Մեղքս ինչ թաքցնեմ, նա այդ երկուսն էլ հիանալի էր նվագում, այնքան լավ, որ տասներկու կանանցից իննը հաստատ հուզվում էին:
Չգիտեմ, գուցե այդ իննը չափազանց զգայուն էին, կամ հիմարիկ, որ չէին հասկանում, իրենց նման լինելը գեղեցիկ անձեռոցիկների…մեկօրյա…
Իսկ նրա ընկերուհին…ըմմմ՜ կարծեմ Օլգա էր նրա անունը: Խենթանալ կարելի էր նրա կրակոտ կարմիր մանիկյուրից, երկար կատվային եղունգներից, որ ամեն անգամ երբ դիպչում էին ինձ մարմինս փշաքաղվում էր: Օլգան իսկական խենթ էր, սակայն շատ էժանագին ինձ համար:
Մի անգամ տերս անհետացավ ու պարզվեց անթիվ պարտքերն էին դրա պատճառը:
Ինձ վաճառեցին…Օ՜ թող օրհնյալ լինի այն օրը, երբ ես դարձա Նրանը, իսկ նա Իմը:
Երեսունամյա շքեղ, փխրուն, գայթակղիչ ու կրակոտ կին…ես դարձա նրա գերին:
Երբ նա երեկոյան ցնցուղ ընդունելուց հետո հագնում է գիշերվա պես թափանցիկ ու սև խալաթը, որի տակից ուրվագծվում է նրա ձյունաճերմակ մաշկը…ես ցնորվում եմ Նրա համար, իսկ նրա չքնաղ մաշկից եկող այդ թովիչ բուրմունքը գլխապտույտ է առաջացնում:
Նրա խոնավ, ալիքավոր մազերից կաթող ջրի կաթիլներն անգամ չեն կարող ծարավս հագեցնել…Իսկ նրա դյութիչ մատների շոյանքն ասես թմրեցնող սպեղանի լինի…ես պաշտում եմ Նրան:
Ես պաշտում եմ, երբ նրա մատները մեկ քնքշորեն, մեկ կոպտորեն տիրում են ինձ և ես դառնում եմ նրա գերին:
Նա կարմիր գինի է սիրում…երբ նրա հյութեղ շուրթերը դիպչում են գինու բաժակին ինձ թվում է թե իմ արյունն է Նա խմում: Ես երազում եմ Նրա թաց, անզուսպ շուրթերը զգալ իմ շուրթերին, ուզում եմ, որ այդ համբույրը տևի հավերժություն, որ արյունս սառչի իմ երակներում:
Եթե միայն իմանար, որ նրա ներկայությունից անգամ մարմնովս քաղցր դող է անցնում…Ես կգրկեմ նրան ու շուրթերս մոտեցնելով նրա քնքուշ, փոքրիկ ականջներին կշշնջամ, որ իրենն եմ մինչ մահ: Իսկ նրա մարմնից ճառագող լույսն ու անսահաման ջերմությունը մահվան դուռը կհասցնեն ինձ, բայց ընկերս, ախր ես ընդամենը մի սովորական դաշնամուր եմ…
Անի Կարապեյան
Комментариев нет:
Отправить комментарий