Поиск по этому блогу

вторник, 24 сентября 2013 г.

Վերցրու իմ ջերմությունը (պատմվածքի հիմքում իրական պատմություն է) Նվիրվում է Արցախյան հերոսամարտի հերոսուհի Կարինե Դանիելյանին

Ես բռնել էի այդ հաղթանդամ մարդու ձեռքն ու զգում էի, թե ինչպես է այն աստիճանաբար սառչում: «Վերցրու իմ ջերմությունը, վերցրու իմ ջերմությունը… քեզ են սպասում զինվորներդ, հուսախաբ մի արա»՝ մտքում կրկնում էի ես:
Հակառակորդը գիշերով բոլորիս հանկարծակիի բերեց: Մի վայրկյանում տասնյակ վիրավորներ ու ես՝ ձեռքիս վիրակապերով ու այլ անհրաժեշտ պարագաներով ընդամենը մեկ պայուսակ:
 Նրան բերեցին գրեթե վերջին շնչի վրա: Նրա հրամանատարության տակ գտնվող զինվորներից մեկը մոտեցավ ինձ ու ճշմարտությունն իմացողի ձայնով, բայց սուտը լսելու ցանկությամբ ասաց.
-Լավ է, չէ՞, կփրկեք չէ՞… լուրջ բան չկա, չէ՞…
Սրա ետևից ևս մի քնաիսը եկան: Զինվորներից մեկը չոքեց կողքիս ու ասաց.
-Մի բան արեք…
Նրա «մի բան արեք»-ը հնչեց, որպես խնդրանք, որպես բողոք, որպես առաջին քայլ դեպի հուսահատությունը: Հասկացա, որ եթե հիմա բաց թողնեմ վիրավոր հրամանատարի ձեռքը, ուրեմն բաց կթողնեմ մեր հաղթանակը, կամ գոնե հաղթանակի հույսը:
-Ամեն ինչ լավ է,-ասացի ես ու ցավազրկող ներարկեցի վիրավորին: Սա ընդամենը զինվորներին հավատացնելու համար էր, որ մենք պայքարում ենք նրա կյանքի համար: Զինվորները վերադարձան իրենց դիրքեր: Չգիտեմ, որտեղից գտնվեց իմ մեջ այդքան հավատ ու կամքի ուժ այդ պահը ապրելու համար: Երևի հայրենիքի ու տանը սպասող մոր պատկերը չեզոքացնում են վախը, կամ փոխակերպում այն գերբնական ուժի՝ չհուսահատվելու, չդավաճանելու ու չխելագարվելու համար:
«Վերցրու իմ ջերմությունը…վերցրու իմ ջերմությունը…»՝ կրկնում էի հազիվ լսելի, երբ ինձ նորից կանչեցին.
-Կարին, վիրավորներ ունենք, շուտ, Կարին…
Վիրակապերը վերցնելով վազեցի առաջ: Անտառը էլ մութ չէր, բայց լուսաբացը հեռու էր թվում: Վիրավորներից մեկը շատ երիտասարդ էր: Մի քանի օր առաջ էր նշանվել սիրած աղջկա հետ: Ականը պայթել էր ոտքերի մոտ: Արյունոտ վիրակապը դժվար էր փաթաթվում:
-Կարին, ես էլ չեմ քայլի, Կարին Մանեն էլ չի ամուսնանա ինձ հետ, նշանը հետ կտա, չէ՞, Կարին…
Ականների պայթյունները նրա ձայնի տակ ոչինչ թվացին: Փորձեցի խաբել, իբր եղածն ինչ է որ: Բայց ի՞նչ խաբես, երբ կռիվը քեզ էլ, ընկերներիդ էլ, ծնողներիդ էլ խլել է աշխարհից, երբ էլ ոչինչ չկա կռվից բացի:
-Դու դեռ քո հարսանիքին շալախո ես պարելու, ոչ մի բան էլ չկա, իսկ եթե հարս չլինի, ես կդառնամ քո հարսանցուն, չմտածես,- ասացի ու հասկացա, որ աշխարհը իր տեղում է, մարդիկ սիրում են , հարսանիք անում, շալախո պարում ու մենք այնքան մոտ ենք հիմա դրան, հենց հիմա, երբ կռիվը մեզ այդքան մոտեցրել է իրար:
Պատերազմի ու հաղթանակի միջև մենք էինք կանգնած՝ այդքան անվախ, այդքան համարձակ:
Երբ վերադարձա վրանի մոտ, վիրավոր հրամանատարին արդեն տեղափոխել էին:
«Վերցրու իմ ջերմությունը» երկնքին նայելով շշնջացի ես՝ հավատալով, որ ձայնս կհասնի հասցեատրիոջը:
Օրեր անց ուշքի եկա հիվանդասենյակում: Մարդ չկար, ոտքերս վիրակապված էին: Բժիշկը ներս մտավ զննեց, ժպտաց, բռնեց ձեռքս ու շնորհակալություն հայտնեց:
-Ինչի՞ համար,- հարցրեցի հազիվ
-Ուժիդ, հավատիդ, պատվիդ ու կամքիդ համար,- ասաց ու դուրս եկավ, նրանից հետո շատ այցելուներ ունեցա, մի քանիսին ճանաչում էի, շատերին չգիտեի: Մի օր էլ այցելուների՝ ձեռքս սեղմող բազմաթիվ ձեռքերի մեջ ճանաչեցի այն հաղթանդամ մարդու ձեռքը: Նա կռացավ ու շշնջաց ՝ «Ետ վերցրու ջերմությունդ, այն քեզ ավելի է  պետք»:


Անի Մաղաքյան

Комментариев нет:

Отправить комментарий