Տանիքից կախված փոքրիկ լապտերը լուսավորում էր բակի մի հատվածը, այդ լույսի տակ արդեն մի քանի ժամ եկող փարթամ ձյունը դառնում էր ավելի խորհրդավոր: Սև, մեծ շունը քիթը հանել էր իր ապաստանից` կամ փաթիլներն էր հաշվում, կամ քոթոթ տարիներն էր հիշել: Փոքրիկ սենյակում հաճելի տաք էր, լվացքը չորանում էր վառարանի կողքին, տանտերը մատները փչելով հերթով շրջում էր կարտոֆիլի բարակ շերտերը վառարանի վրա:
Նոր Տարին, վաղուց մոռացված ավանդույթով դիմավորելն, այս տարի դեկտեմբերի 31-ին էր մտքներովս անցել: Որոշել էինք, ինչպես տարիներ առաջ, գնալ գյուղ և այնտեղ դիմավորել տոնը` հարազատների հետ: Դեհ, ի՞նչ իմանայինք, որ այդ նախատոնական օրով, հազիվ գտնված մեքենան, կգա ու Ձաղիձորում կփչանա, մենք էլ կմնանք երեկոյան ճանապարհին կանգնած` ոչ ետ գնալու հնար կա, ոչ` առաջ: Մինչ մեծերով վարորդի հետ կփորձեին մեքենան ձաղիձորցի մի ծանոթ վարպետի մոտ տանել, ինձ ու եղբորս իր տանը հյուրընկալեց ազգությամբ հույն, բայց դեռ անհիշելի ժամանակներից Ձաղիձորում ապրող Իլարիոն պապը: Որ ասեմ շքեղ տոնական սեղան էր գցած տանը սուտ կլինի, բայց հարսը շփշփում էր կողքի սենյակում, իսկ անսպասելի հյուրերին արագ և որակով լավագույն հյուրասիրությունը մեր լոռվա կողմերում պլեճ ասվածն է: Կարտոֆիլը բարակ շերտերով կտրատում ես, վառարանի վրա աղ ցանում ու շերտերը շարում աղի վրա, մի քանի րոպեից համեղ ուտեստը պատրաստ է: Ինչևէ Իլարիոն պապը մի քիչ լռելուց հետո որոշեց հարցուփորձ անել, թե Քարինջ ու՞մ տուն ենք գնում, ինչի՞ համար: Իմանալով, որ պապս Գարենն է, ես էլ Համլետի աղջիկը, ծերուկը ոգևորվեց ու կցկտուր պատմություններ սկսեց պատմել Քարինջի ու քարնջեցիների մասին: Մոռացել էի ասել, որ մեզ հետ նաև Իլարիոնի հարևանն էր նստած, ում էդպես էլ դիմում էին` հարևան: Հարևան պապը պլեճի վերջին շերտերը վառարանի վրայից վերցնելով, թե`
-Իլարիոն, էս նոր տարվա օրով մի լավ նոր տարվա պատմություն պատմի էս էրեղեքին, թե չէ դեսից-դենից խոսում ես
Իլարիոն պապը մի քանի րոպե մտածեց ու թե` կա էդպիսի պատմություն: Ես լարվեցի, հասկանալով, որ Նոր Տարվա այս հրաշալի գիշերը ինձ նոր պատմվածքի թեմա է տալու, և ևս մի անմոռանալի Ամանորյա գիշեր: Իլաիրոն պապը սկսեց իր պատմությունը հենց սկզբից`
-Դե, ես որսրոդ եմ, միշտ էլ որսի եմ գնացել, մանավանդ Նոր Տարվա նախորդ օրը: Իմ սեղանից արջի թարմ միսն անպակաս էր էս տոն օրով: Որսատեղն էլ ձեր գեղի անտառներում է: Ուրեմն ` ես էի, Հակոբն էր, Միշան ու Կարապետը… էէէ…չէ էդ չէի պատմելու: Ուրեմն` մի տարի ձեր գեղացի Տելոն ամսի երեսունով կպավ ջանիս, թե ինձ էլ տար որսի, ասեցի` Տելո որ արջը տենաս, ինչ կանես, թե` արջին առաջս բեր, բթով խեղդեմ, ասի Տելո, բա որ սոված գելը առաջդ գա, ասեց` էնձև հացն ուտացնեմ, որ ոռնալը մոռանը: Միտքս ծուռն էր, չէի ուզում հետս տանեմ, անփորձ էր, չգիտեմ էլ որսի գնացած կար թե չէ: Էդտեղ պապդ ասեց` Իլարիոն, թե Տելոյին տարար որսի` արջի տեղն իրան ես ուսիդ դրած բերելու, Նոր Տարվա սեղանիդ էլ դժվար թե միս ունենաս, գործ չունես: Պապդ էնա-էնա համոզել էր, Տելոն թե` Գարենին մի լսի, նրա տանը հենի որսի միսը լիքը, նրան ինչ կա, արի գնանք երկուսիս էլ օգուտ կլինի: Թե սատանեն ձեռիցս քաշեց, թե Տելոն լավ լեզու թափեց` չգիտեմ, բայց նույն օրը երկուսով ճանապարհ ընկանք` որսի: Ձյունը ծնկներից էր, դեկտեմբերի վերջին Մոտկորի անտառներում ձյունը խորն է լինում, կամաց քայլում էինք: Ասում էի մի նապաստակ հանդիպի էդ իրիկուն խորովենք, մինչև արջի որջը կգտնեինք: Շշուկով խոսում էի, մտածելով` թե Տելոն հետևիցս գալիս է ու լսում: Մեկ էլ զգացի, որ ականջիս մենակ իմ ոտնաձայներն են հասնում, ետ նայեմ տեսնեմ Տելոն հենվել է մի հաստաբուն ծառի ու էնպես է գույնը գցել, որ էդ խավարի մեջ լույս էր տալիս: Ձախ կողմից տաս մետրի վրա ուշադիր նրան էր նայում մոխրագույն, մաշկի տակից ոսկորները երևացող մի գայլ: Ասում եմ` Տելո հրացանդ, ձեն չկա, ասում եմ ` այ մարդ հրացանդ ուսիցդ իջացրա, ձեն-ձուն չկա, վերջը տեսա որ սոված գազանը կամաց մոտենում է զոհին, մի քիչ էլ մոտեցա ու օդ կրակեցի, գելը վաղեցած փախավ, Տելոն կրակոցից ուշքի եկավ ու թե` հրացանիս թոկը խառնվել էր մսի համար վերցրած թոկի հետ, չէի կարում հանեմ: Դե ճիշտ ասեց, թե չէ երկար չմտածեցի: Մի քանի մետրի վրա երևաց փոքր բլրանման մի բան: Որջն է հաստատ` մտածեցի ես ու Տելոյին ձեռքով արեցի, որ հետևի ինձ: Կարգադրեցի, որ բլրի հակառակ կողմում սպասի, ու հենց արջին տեսնի` կրակի: Տելո, դու Տելո, էնպես տեղավորվեց, էնպես հնրացանը բռնեց ու պառկեց, ոնց որ սովետական սնայպեռ էր: Ես մի երկար, բարակ փայտ գտա ու սկսեցի որջը խթխթորել: Համ շարժում եմ փայտը համ մտածում ` էս Նոր Տարվա օրով, Աստված ջան, փորձանք չբերես մեր գլխին, արածներս շատ չհամարես: Վերջապես Արջի ձայնն եկավ, ես վստահ ու ապահով, որ Տելոն թիկունքս պահում է, շարունակեցի գործս, մինչև արջի ձայնը բարձրացավ, շարժումները շատացան: Մի քիչ հետ գնացի, որ գազանը դուրս գա, ես ժամանակ ունենամ խփելու, բայց շատ չհասցրեցի հեռանալ, որջը էնքան էլ խորը չէր, ինչքան ես հաշվարկել էի: Արջը դուրս եկավ որջից, ու երեք մետրանոց բոյով կանգնեց առաջս: Կատաղած գազանն ուզում էր գտնի իր հանգսիտը խանգարողին ու հարցերը լուծի: Ամեն վայրկյան սպասում եմ, թե Տելոն կկրակի: Մեկ, երկու, երեք… վայկյաններն եմ արդեն հաշվում: Մեկ էլ լսեմ Տելոի ձենը, թե ` Իլարիոն, բա հիմի, որ ծառին նի ըլեմ: Ինչ ծառ այտա, կրակի` գոռացի ես, Արջը մեր ձեներից ավելի գազազեց, իջավ չորս թաթերի վրա, տեսադաշտս բացվեց ու ինչ տեսնեմ` Տելոն հենի ծուռ բոխենու կատարին, ամուր բռնվել է մի բարակ ճյուղի ու սառել: Այտա Տելո, էդ ոնց հասար էդտեղ` համ մոլորվել եմ, էդ ահռելի գազանը առաջիս, համ ծիծաղս է գալիս, որ Տելոին եմ նայում: Վերջը ինձ հավաքեցի, մտածեցի, որ իմ ու արջի մեջ եղած հեռավորության դեպքում մենակ մի կրակոցի հնարավորություն ունեմ, էդ էլ որ մահացու չլինի էս քնահարամ եղած գազանը ինձ հաստատ մաս-մաս կանի, օդ կրակեցի, որ բարձր ձենից վախենա փախչի, էդպես էլ եխավ: Արջը ետ-ետ գնաց ու փախավ: Բայց պետք ա ասեմ, որ բախտս շատ բերեց: Վերջը, էրեխեք ջան, մի քանի րոպե շունչ քաշեցի ու էլի Տելոյին հիշեցի: Ու էդ պահից հասկացա, որ իսկական բարդությունը նոր ա սկսվել: Թե արջին մի կրակոցով փախցրեցի, Տելոին քսան կրակոցով էլ չէի կարա ստիպեմ ծառից իջնի, թե բարձրությունից վախենում է: Վերջը` մի ժամ համոզել եմ, որ իջնի, իջնելուց հետո էլ, թե ոտս սառել ա, մի ուսիս հենված առավոտվա վրա հասցրել եմ ձեր գեղը: Պապդ` Գարենը, տեսավ, կատարվածը հասկացավ, ու թե էսօր դու իմ հյուրն ես, բայց կխտարի մսի խորովածը դու պիտի անես: Էդ Նոր Տարին տենց էլ քո պապի տանն անցավ, որսի միսն ու տատիդ` Աղունի քաշած արաղը սեղանին: Դրա համար համարյա քառասուն տարի ա անցել, էդ նույն օրով դուք եք իմ հյուրը ու դուք էլ որսի միս եք ուտելու:
Իլարիոն պապի պատմությունն այնքան էր մեզ գրավել, որ չէինք էլ նկատել, թե ոնց է հարսը ամանորյա հրաշալի սեղան գցել:
Հին, սովետական հեռուստացույցի վրա փոքրիկ բնական եղևնի էր դրած` վրան գունավեր խաղալիքներ ու լույսեր: Լվացքը դեռ չորանում էր վառարանի կողքին: Հարևան պապը ներս մտավ` ձեռքին խորովածի շամփուրները, նրա ետևից ներս մտան մեր վարորդն ու մյուսները, մեքենան միայն վաղն առավոտյան պատրաստ կլիներ: Նոր Տարին նշեցինք Իլարիոն պապի փոքրիկ տանը, կերանք արջի միս ու ուրիշ գյուղական բարիքներ: Տասներկուսը խփեց, տարբեր տների բակերից լսվեցին հրավառության ձայներ: Ձյունը շարունակում էր փարթամ գալ, բայց սև, մեծ շունն էլ չէր երևում` կամ հրավառության ձայներից էր վախեցել, կամ էլ քնել էր ու երազում քոթոթ տարիներն էր տեսնում:
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий