2010 թվականին պետպատվերով և պետական աջակցությամբ հանրապետությունում տպագրվել է շուրջ 150 գիրք: Վերջին տարիներին կախված տնտեսական ճգնաժամի հետ, ավելացել է պետական աջակցության թիվը: Այսինքն պետությունն իր վրա է վերցնում գրքի տպագրության ծախսերի մոտ 60 %-ը, մյուս քառասունը ` հոգում է հրատարակչությունը: Պետպատվերի և պետական աջակցության համար կարող են դիմել բոլոր ցանկացող հրատարակչությունները` ներկայացնելով գրքերի որոշակի ցուցակ, որից նախարարությանը կից հատուկ հանձնաժողովը ընտրություն է կատարում:
<<Վան Արյան>> հրատարակչության տնօրեն Վիլյամ Պողոսյանն ասում է, որ յուրաքանչյուր տարի ներկայացնում է մի քանի գիրք, սակայն ամեն անգամ չէ որ դրական պատասխան է գալիս:
-Եղել է տարի, երբ առաջարկված ոչ մի գիրք չեն ընդունել, թեև մեծ մասամբ մեր հրատարակչությունն առաջարկում է գիտահանրամատչելի գրականության տպագրություն,- ասում է Վիլյամ Պողոսյանը:
Այս ճանապարհով տպագրվող գրքերի քսան տոկոսը ներկայացնում է գրողների միության հրատարակչությունը: Յուրաքանչյուր տարի այն պետպատվերով և պետական աջակցությամբ տպագրում է 30-35 գիրք: ՀԳՄ հրատարակչության նախագահ Բագրատ Ալեքյանի խոսքերով իրենց տպագրած գրքերի մեծ մասը գրողների միության ներկայացուցիչների գրքերն են, այլ հրատարակչությունները չունեն գրողների միությունը ներկայացնելու խնդիր:
-Գուցե դա է պատճառը, որ մեր հրատարակչությունը տարեկան ավելի շատ պետպատվեր և պետաջակցություն է ստանում,- ասաց Ալեքյանը:
Նրա խոսքերով ` ՀԳՄ հրատարակչությունը տարեկան ներկայացնում է 60-70 անուն գիրք.
-Մենք ներկայացնում ենք թարգմանական, մանկական, գիտամասնական գրականություն, ինչպես նաև դասականնների վերատպություններ և այլն…մենք փորձում ենք ժամանակի պահանջներին համընթաց շարժվել: Տպագրում ենք նաև տարեկան 6-7 նոր անուններ` <<Մուտք>> մատենաշարի շրջանակներում: Պետության կողմից տրամադրված գումարը միայն հրատարակչական ծախսերի համար չեն, այդ գումարի մեջ է մտնում նաև սոցիալական վճարումները, հարկային վճարումները և այլն… դա բավական զգալի գումար է,- ասաց Ալեքյանը:
Թե ինչպես են կատարում պետպատվերի ներկայացվող գրքերի ընտրությունը պարոն Ալեքյանը պարզաբանեց, որ գրքերը անպայման պետք է համապատասխանեն իրենց պահանջներին` առաջին հերթին պետք է լինի բարձր մակարդակի գրականություն:
-Հրատարակչական խորհուրդը կարդում է բոլոր գրքերը, գրում է գրախոսություն, որի հիման վրա կատարվում է ընտրություն, -ասաց Ալեքյանը և ավելացրեց,- Թեև շատ հաճախ մենք ընդառաջում ենք գրողներին, որպեսզի նրանք գրական պրոցեսից հետ չմնան, որոշակի զիջումներ ենք անում: Հաճախ տպագրում ենք այնպիսի գրքեր, որոնք այնքան էլ չեն համապատասխանում մեր պահանջներին, բայց դա չի արվում ի վնաս մեր գրականությանը:
Ալեքյանը ասաց, որ պետաջակցությամբ տպագրվող գրքերի միայն 40% է պատկանում հրատարակչությանը, որը իրենք նվիրում են մանկապարտեզներին, դպրոցներին, գրադարաններին և եթե էլի է մնում ուղարկում են գրախանութներ: Տպագրված գրքերի մյուս մասը պատկանում է <<Գիրք>> հիմնադրամին, որը զբաղվում է գրքի իրացմամբ` իր հերթին այն նվիրելով գրադարաններին, դպրոցներին և այլն: Գրողին այս ամենից հասնում է իր հոնորարի չափով գրքեր ` մոտ հիսուն հատ, մնացած օրինակները գրողը ցանկության դեպքում կարող է գնել: Սա բողոքի տեղիք է տալիս գրողների շրջանում: Երիտասարդ բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանն արդեն երկրորդ գիրքն է տպագրում պետական աջակցությամբ:
- Առաջինը տպագրվեց <<Մուտք>> մատենաշարով 500 օրինակով, ինձ տվեցին հիսուն օրինակ, ինչից հետո էլ գրախանութներում գիրքը չկար, ես ինքս իմ մոտից բաժանել եմ գրախանութներին: Իսկ հետո <<Գիրք>> հիմնադրամից գնեցի իմ գրքերը, որովհետև իրենք ոչ մի կերպ չէին զբաղվում իրացմամբ:
Երկրորդ գրքի տպագրությունը Հասմիկի մոտ նույնպես բարդություններ է ունեցել:
-Երկրորդ գիրքս տպագրվեց պետական աջակցությամբ, պայմանագիրս <<Ծիծեռնական>> հրատարակչության հետ էր: Վերջինս ոչ միայն չտրամադրեց գրքիս համար պետության կողմից նախատեսված 300.000 ամբողջությամբ, այլև իր կողմից հասանելիք գումարը չծախսեց: Գրքիս վրա ծախսվել է 100.000 դրամ: Շարվածքը, ձևավորումը, ողջը ես եմ արել: Տպագրության որակը գոնե չապահովեցին ,- ասում է Հասմիկը:
Թեև գրողների շրջանում այս թեման ցավոտ է և միշտ բողոքի ալիք է բարձրացնում, բայցևայնպես տեսակետները տարբեր են: Ոմանք գտնում են, որ մեր օրերում սեփական գիրքը պետք է լինի հեղինակային հրատարակության, մյուսների կարծիքով էլ, եթե գրքի վրա ծախս չես արել, ապա մեծ-մեծ բաներ չպետք է պահանջես:
<<Գրահրատարակչական կենտրոնի>> տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը գտնում է, որ գրողների մեծ մասը ստորագրում է հրատարակչությունների հետ պայմանագրեր` անգամ չկարդալով դրանք: Դա էլ հետո բերում է կոնֆլիկտի:
-Հետո զարմանում են, բողոքում, բայց էլ ի՞նչ կարող ես փոխել… պետք է պարզապես ուշադիր լինեն, և նախապես իմանան ինչ պայմաններով են տպագրում իրենց գրքերը, որպեսզի հետո բոլորին չմեղադրեն,- ասում է Միլիտոնյանը:
Մեր օրերում պետական պատվերի կամ պետական աջակցության դիմում են ոչ բոլորը, շատերը պարզապես խուսափում են ավելորդ խնդիրներից կամ իրենց գիրքը անցանկալի որակի ու տեսքի մեջ տեսնելուց: Այսպես` գրողների միության անդամներից մի քանիսը պարզապես նախընտրում են իրենց ստեղծագործությունները թողնել անտիպ` մինչ կողմնակի ֆինանսավորում կլինի (հովանավորություն): Իսկ նրանք, ովքեր քիչ թե շատ հնարավորություն ունեն շտապում են լույս ընծայել իրենց գիրքը հեղինակային հրատարակությամբ:
Բանաստեղծ Կարեն Անտաշյանը իր առաջին գիրքը տպագրել է Մուտք մատենաշարով, երկրորդը տպագրեց սեփական ֆինանսներով:
-Հաշվի առնելով պետպատվերով հրատարալվելու գնացած իմ ընկերների տխուր փորձը, այն է` անկապ ձգձգումներ, ֆինանսավորման ուշացում, դիզայների, էջադրողի, խմբագրի ու սրբագրիչի, տպագրիչի անսրտացավ, աշխատանք, արդյունքում հիմնականում ստացվում է տեխնիկական խոտան:
Գումարած դրան` գրքի իրացման անարդյունավետ մեխանիզմ:
Դրա համար խիզախեցի ամբողջ այս գործընթացը ձեռնարկել ինքս` ամեն մի փուլի վրա անձնական հոգածություն ու վերահսկողություն ունենալու համար,- բացատրեց Կարենը: Նրա խոսքերով սեփական միջոցներով ավելի քիչ գումար ծախսելով կարելի է անհամեմատելի լավ գիրք տպագրել.
- Եթե իմ ընկերների 500 օրինակ գրքի համար հատկացվում է պետական 400,000 դրամ ու արդյունքում նրանք ստանում են անկապ շաբլոնների վրա հավաքած, անորակ, ապրանքային տեսք չունեցող գիրք` ես սեփական 300,000 ծախսելով
ստացա գիրք, որը տեսնողներն ասում են` սա հաստատ դրսում է տպված:
Եվ այսպես ` ի՞նչ է պետք լավ գիրք տպագրելու համար ` տաղանդ, որպեսզի տպագրության ենթակա որևէ նյութ լինի, ապա խմբագիր, ով կկարողանա ուղղել, կտրել, կպցնել այն ամենն ինչ ավելորդ է կամ պակասում է, պետք է ընտրել որակյալ տպարան, գտնել լավ ձևավորող, ուշադիր սրբագրիչ, ընտրել կազմի որակը, գտնել մեկի, ով լավ գրախոսական կգրեր և այս ողջ փաթեթը ուղեղում` սկսել հաշվել, թե որքան գումար է անհրաժեշտ այս հիանալի ծրագիրն իրագործելու համար` 300.000-500.000 դրամ: Իսկ սա արդեն ոչ բոլոր ստեղծագործող հոգիներին է հասու, այնպես որ մինչ լուծում կստանա գրողների և հրատարակչությունների միջև պետկան պատվերով և պետական աջակցությամբ գրքերի տպագրության հետ կապված անջրպետը` մենք դեռ բազմաթիվ տաղանդավոր հայ հեղինակներից անհաղորդ կմնանք:
Комментариев нет:
Отправить комментарий